Feeds:
Posts
Comments
Դրսում անձրև էր սկսել, իսկ երեկոն դեռ շարունակվում էր տարածվել: Ներսում վառվող ճրագի լույսը կիսաթափանցիկ պատերի վրա արտացոլում էր երեք մարդկային ստվերներ: Նախարարի ձախ կողքին (չգիտես ինչու հենց ձախ կողքին) նույնպես հանդիսավոր կեցվածքով նստել էր նրա օգնականը (նրա աջ ձեռքը), նրանց դիմաց գլուխը մինչև ծնկները խոնարհել էր կլանի նշանավոր սամուրայը և անշարժացել, ինչպես հարկն է. մինչև վերադասները կխոսեին: Նրա գոտկատեղից շեղակիորեն ցցված էր նույնքան նշանավոր նրա թուրը: Լեգենդի համաձայն այն սամուրայները, որոնց ձեռքերի մեջ շողշողացել է այն մի քանի հարյուրամյակ շարունակ, երբևէ պարտություն չեն կրել: Տանակա Հիսոկաին այն փոխանցվել էր իր հորից, որն էլ իր ժամանակին եղել էր կլանի լավագույն սամուրայը: Եվ որպեսզի Տանակա Հիսոկան պատիվ ստանար կլանի զորեղությունը խորհրդանշող թուրը կրելու, նա մինչ այդ պետք էր վարպետանար սուսերամարտի արվեստի մեջ, և ամենքին ապացուցեր, որ ինքն էր դրան ամենաարժանի տերը: Վարպետության ցուցադրական մարտում Հիսոկան մրցում է իր հոր հետ, որն այդ ժամանակ և մինչ այդ պատիվ ուներ հպարտությամբ կրել խորհրդանշական թուրը: Երեք փուլերից բաղկացած փայտե թրերով անցկացված մենամարտում, Հիսոկան հաղթանակ է տանում, և հայրը, ստիպված լինելով հանձնել նրան թուրը, մենամարտից հետո հանդիսավոր կերպով կատարում է խարակիրի՝ այդպիսով բարձր պահելով իր անունը և պատիվը: Ինչպես և սամուրայների մեջ, այնպես էլ հասարակ մահկանացուների մեջ բոլորը վերապահորեն էին մոտենում պողպատյա անպարտելի թրին, որը հայտնի էր նաև «Թուր՝ պատվի և մահվան» անունով. հայտնի էր նաև, որ այն մեկ անգամ կրողը դրանից զրկվելուց հետո, անկարող էր լինում այսուհետ պատվաբեր համարել իր գոյությունը: Ինչ վերաբերում էր Տանակա Հիսոկաին, նա կրկնակի հպարտությամբ էր իր կողքից կրում պատվի և մահվան զենքը, քանի որ ժամանակին այն եղել էր իր հոր զինակիցը:
Նախարարի օգնականը աչքը չէր հեռացնում սամուրայի թրի վրայից. գոհունակությամբ լցված հայացքը մի քանի րոպե անշարժացած պահելու հետո նույն գոհունակությամբ սկսեց խոսել.
-Տանակա Հիսոկա՛, նախարարը իր երախտագիտությունն է հայտնում քեզ, և ուզում է տեղեկացնել , որ այսուհետ էլ ավելի մեծ հարգանքով է քեզ վերաբերվում. դու քեզ վրա դրած հույսերը կրկին անգամ արդարացրեցիր: Հիռոն՝ այդ հանցագործը, մեծ վտանգ էր սպառնում ներկա կարգերին: Այժմ, երբ նա այլևս չկա, մեր երկիրը կարող է անհոգ լինել. ներքին երկպառակտման վտանգը առանց ապստամբության առաջնորդի շուտով ամբողջովին կվերանա: Մինչ այստեղ հայտնվելը այդ սրիկային հաջողվել էր իր շուրջը բավականին մեծ թվով համախոհներ հավաքել հարավային մարզերում…
Սակայն մեզ բոլորիս անչափ հետաքրքրում է, թե ինչպես է ընթացել ձեր մենամարտը, Տանակա Հիսոկա՛… Նման դեպք առաջին անգամ է պատահում, և մենք ոչ տեսել ենք, ոչ լսել, որ որևէ մենամարտ ընթանա հինգ օր շարունակ: Մինչ քեզ այդ հյուղակը ուղարկելը բազմաթիվ այլ զոհեր ունենալով նրա թրից՝ մենք հասկացել էինք, որ Հիռոն աննախադեպ հմուտ մարտիկ է, հակառակ դեպքում քեզ չէինք ուղարկի, սակայն մի՞թե նա այդքան հզոր էր, կամ ուժերն այդքան հավասա՞ր էին իրար, որ ոչ մեկիդ չէր հաջողվում շուտափույթ հաղթանակ տանել: Մենք ուզում ենք, Տանակա Հիսոկա՛, որ մեզ հիմա նկարագրես ձեր միջև կայացած մենամարտը, – նախարարի օգնականը, տեսնելով, որ սամուրայը դեռ անշարժ է և չի պատասխանում, հրամայական տոնով ավելացրեց, – Խոսի՛ր:
- Ձեր թույլ տվությամբ, – գլուխը մի փոքր վերև բարձրացնելով և այնուհետև նորից այն խոնարհելով՝ Տանակա Հիսոկան, որի ձայնի մեջ անմիջապես նկատվեց կտրականություն, շարունակեց,- ես հարկ եմ գտնում նախ նշել, որ Հիռոն արժանի է հարգանքի ամենամեծ աստիճանի. նա ամենևին էլ հանցագործ չէր, ինչպես որ դուք եք նրան անվանում:
-Ինչպես թե,- նախարարի օգնականը, հանկարծակիի գալով, վրա հարձակվեց,- դա դու չես որոշում, սամուրա՛յ: Մի՛ մոռացիր, որ նման հարցերը մտնում են ավելի բարձր դասի մարդկանց իրավասության սահմաններում…
Նախարարի օգնականը պատրաստվում էր նմանատիպ մի քանի խոսք ավելացնել, սակայն, նկատելով նախարարի՝ ձեռքով արած նշանը, լռեց և թողեց, որ սամուրայը իր խոսքը շարունակի, որը և գլուխը մի փոքր վերև բարձրացնելով, սակայն քարացած հայացքը հատակի վրայից չկտրելով, նույն համարձակությամբ սկսեց խոսել.
-Մեկ օր շարունակ մենք մենամարտում էինք. մենամարտի ընթացքում պարզվեց, որ Հիռոն՝ իմ հակառակորդը, թրի աննկարագրելի հմուտ վարպետ է, ոչ պակաս քան ես: Երբ դեռ լույս էր, մեր թրերը անդադար
բազմապատկում էին և ամբողջ հյուղակով մեկ ցրում ներս թափանցած արևի սակավաթիվ շողերը: Ավելի ուշ՝ սև խավարի մեջ, լսվում էին միայն թրերի զնգզնգոցը…Ես այդ մարտիկին չէի ճանաչում, սակայն նրա տված մենամարտը ցույց էր տալիս ինձ նրա էության պատկերը. մարտի ժամանակ նման հանգստության և ինքնատիրապետան երբևէ ականատես չէի եղել: Ի վերջո, սակայն, զգալով հոգնածություն, մենք հեռացանք միմյանցից. նա զենքը վայր դրեց և անշտապ նստեց դիմացը…ես հետևեցի նրա շարժումներին. ես հասկացա, որ նման հավասար մենամարտով անհնար էր որոշել, թե մեր երկուսից ով է արժանի հաղթանակին, քանի որ շատ հնարավոր էր, որ մահացու հարվածը պատահական ստացվեր և եթե նույնիսկ ինձ հաջողվեր այդպես հաղթել, դա
ամենևին չէր նշանակի, որ թրի տիրապետման իմ վարպետությունը գերազանցում էր հակառակորդի ցուցադրածին. այն թուրը, որ ես եմ կրում, ինձ պարտադրում է պահել նրա պատիվը, նաև` իմ հոր…նման հավասար մենամարտից հետո, եթե նրան հաղթեի պատահականության շնորհիվ՝ առանց համոզվելու վարպետության իմ գերազանծության մեջ, իմ պատիվը ինձ կստիպեր կատարել խառակիրի: Նույնքան անընդունելի կլիներ, եթե նման մի պատահական հարված իմ հակառակորդին հաղթանակ պարգևեր, այդ դեպքում այն թուրը, որ ես եմ կրում, կդադարեր լինել ամենազոր մարտիկի զինակիցը:
-Իսկ հետո՞,- կիմանոյի թևերը ծալելով՝ հարցրեց անհամբեր օգնականը, որ չնայած փորձում էր քիչ թե շատ համբերատարությամբ զինվել:
-Իմ հակառակորդը առաջինը խախտեց լռությունը. մենք սկսեցինք զրուցել: Նա նույնպես չէր ցանկանում պատահական հարվածի զոհը դառնալ, սակայն շուտով մենք լռեցինք…
-Ա՛յդ ինչպե՞ս թե…,- եթե նախարարը կրկին ձեռքի շարժումով նշան չաներ մեկընդմեջ ինքնատիրապետումը կորցնող օգնականին՝ լռել, որը պատրաստվում էր անհամաձայնեցվածությամբ լցված ևս մեկ-երկու բացականչություններ արձակել, ապա խոհերի մեջ ամփոփված սամուրայը ստիպված կլիներ սթափվել, այնուամենայնիվ նա հայացքը դուրս գցեց կիսաբաց դռից այն կողմ և այդպես՝ առանց որևէ լարվածության, կարծես չխոսելով, այլ պարզապես մտքի մեջ ինչ բան վերհիշելով ասակայն մատնում էր իր աչքերի տեսածը և մտքի կտրածը…
-Այդ ժամանակ նույնպես, ինչպես հի՛մա, դրսում անձրև էր տեղում. նման խոնավություն մեկ այլ անգամ, ինչպես հաճախ, ինձ կտաներ անկողին, սակայն հակառակորդի ներկայությունը և ստեղծված խորհդավոր իրավիճակը իմ գիտակցությունը համակել էր զգոնությամբ: Հետզհետե լարվածության ամեն մի նշույլ անհայտացավ…Նման մենամարտում, երբ հաղթող չկա, ապա երկուսսն էլ հավասարապես և՛ հաղթած են, և՛ պարտված: Դա զգում էր մեզանից յուրաքանչյուրը, և որպեսզի ավելի շատ տեղ տրվեր հաղթանակի զգացողությանը և այն ունենալու համոզմունքին, ապա անհրաժեշտ էր ինքնակամ կանխել հարձակման հավականության ցանկացած ներքին մղում. հետզհետե մեր միջև գոյանում էր խաղաղության կամուրջ: Երեք օր շարունակ մենք լուռ մնացինք, դեմ դիմաց նստած…Ինչպես նա, այդպես էլ ես երբեմն տարվում էինք անխռով քնով, որը ոչնչով չէր տարբերվում մեր միջև գոյացած խաղաղությունից. ոչինչ չէր կարող լինել այդքան անխռով և կենարար. ինչպես ինձ մոտ, այնպես էլ կարծես նրա մոտ, վերացել էր սննունդի և շարժվելու որևէ պահանջ և ցանկություն. այդ ներդաշնակությունը խախտել մեզանից ոչ մեկ չէր շտապում…Այդ երեք օրվա ընթացքում մեր միջև տիրում էր խաղաղությունը:
- Դա ձեր մենամարտի չորրորդ օրն էր, այդպես չէ՞,- մեղմ ձայնով զրույցին առաջին անգամ միջամտեց ծերունի նախարարը և ապա լռեց այնպես, կարծես թե ոչինչ չէր ասել և չէր էլ ցանկանում ընդհատել սամուրայի պատմությունը:
-Այդ ժամանակ օրերի միջև ընկած սահմանը նույնպես վերացած էր թվում, միայն երբեմն-երբեմն հյուղակ ներթափանցած արևի շողերը հիշեցնում էին, որ դրսում նաև արև է լինում, նույնիսկ իրար երես չէինք տեսնում երբեմն, իսկ թե քանի օր էինք այդպես լուռ մնացել, միայն հետո՝ ավելի ուշ, ես կարողացա մտաբերել. շուրջբոլորն ամեն ինչ անսահաման և անվերջ էր թվում…Հիռոն մեր միջև ընկած և մեզ միացնող խաղաղությանը ներդաշնակ և համընթաց սկսեց պատմել այն գյուղի մարդկանց և տնային տնտեսությունների մասին, որտեղ նա ծնվել էր և մեծացել էր. հասարակ մի հողագործի ընտանիքում: Այդ գյուղում սամուրայներ չեն եղել, ասում էր նա, ինքը միայն չափահաս տարիքում է առաջին անգամ թուր վերցրել ձեռքը, որը ինչ-որ առևտրական իր հետ էր բերել քաղաքից. միայն հետո Հիռոն հեռացել էր իր հարազատ գյուղից և շրջել տարբեր մարզերով և քաղաքներով՝ միառժամանակ իրեն զբաղեցնելով թրի տիրապետման վարժություններին՝ աստիճանաբար հասցնելով իր վարպետությունը կատարելության:
-Այդ դեպքում նա սամուրայ չէ՞ր, այլ հասարակ հողագործ, ինչպիսի՜ խաբկանք,- վրդովված բացականչեց նախարարի օգնականը:
-Ճիշտ այդպե՛ս, նա սամուրայ չէր. նա ինքն իրեն համարում էր թիկնապահ՝ հողագործների և այդ կարգին պատկանող մարդկանց պահապան. ավելին նա չասաց, այլ փոխարենը մեծ բավականությամբ շարունակում էր պատմել, թե ինչպես, օտար վայրերում գտնվելով, երբեք չէր դադարել կարոտով հիշել իր հայրենի գյուղը:
Երբ նա այդպես խոսում էր, հաճախ դժվարանում էի հետևել նրա ամեն մի նախադասությանը. ինձ թվում էր, թե այդ ամենը ես արդեն ապրել էի և հարկ չկար նորից վերհիշելու, սակայն հեռավոր մտքերը կտրում էին ներկայից և ուղեկցում անցյալում ապրած տարինեի միջով. կարծես շոշափում էի ինձ հաղորդվող այն ներդաշնակությունը, որն անցյալը կապում էր ներկայի հետ…հանկարծ, անտեսանելի ինչ-որ խոչընդոտ խարխափում էր իմ երևակայությունը, և ես կրկին հայտնվում էի Հիռոի առջև նստած:
-Տանակա՛, մեզ համար ամենևին հետաքրքիր չէ նման մանրամասներ, այն դեպքում, երբ դրանք ոչ միայն զարմանալի է լսել քեզ պես պատկառելի սամուրայից, այլ նաև անհեթեթ են իրենց պարունակությամբ: Ի՛նչ է, ուզում ես ասել, որ մենամարտը այդպես էլ դադարեց և խաղաղվե՞ց. ինչպե՞ս շարունակվեց այն, դա՛ է մեզ հետաքրքիր լսել քեզանից, մեզ հետաքրքիր է, թե դու ինչպես ես հաղթել նրան: Ե՞րբ վերսկսեցիք ձեր մենամարտը,- զայրացած, անհարգալից նույնիսկ արհամարհական ձայնով գոչեց նախարարի օգնականը, որը այդպես կարծես փորձում էր սթափվել իրեն պաշարող ավելորդ թվացող մտքերից:
-Ձեր թույլտվությամբ, իհարկե, բայց մենամարտը չէր դադարել. այն շարունակվում էր,- գլուխը նախարարին փոքր-ինչ խոնարհելուց հետո նորից բարձրաձայն մտքերի մեջ սուզվեց հպարտ սամուրայը,- այն շարունակվում էր իմ մեջ և հետզհետե ավելի կատաղի էր դառնում՝ չնայած Հիռոին և ինձ միմյանցից հեռավորության վրա պահող երկկողմանի խաղաղության զգացողության հանգամանքին, ինձ մեջ պայքար էր բռնկվել թրի և դրան բռնացած ձեռքերի միջև, կամ գուցե ձեռքերիս և դրան բռնացած թրի միջև, և ժամանակ առ ժամանակ ինձանից անկախ երբ ձեռքերս հայտնվում էին թրի կոթի վրա, ինձ մեջ վերստին մենամարտի էին բռնվում սամուրայը և հասարակ մահկանացուն: Երբ Հիռոն պատմում էր, թե ինչպիսի անխռովությամբ էին իրենց գյուղի բնակինչները բանում հողի վրա, և թե ինչպես էին ֆեոդալները անարդարությամբ թալանում և հալածում նրանց, ես մտաբերեցի, որ այդ ամենը կատարվել է նաև իմ աչքի առջև, որոնց, սակայն, մեծ նշանակություն և կարևորություն ես երբևէ չեմ տվել՝ դասելով դրանք անխուսափելի և նույնիսկ տրամաբանական իրադարձությունների շարքին, սակայն ես հասկացա, որ եթե նույնիսկ դրանք ինձ համար տրամաբանական են, ապա գուցե որևէ մեկի համար՝ հանձինս Հիռոի, դա պարզապես անընդունելի չէ, և եթե նա հանձն է առել պայքարել նման կարգի դեմ, դա ամենևին չի նշանակում, որ նա հանցագործ է, ինչպես դուք եք նրան անվանում, հարգելի նախարարի օգնական: Սակայն…
-Այդ ինչպես, չհամարձակվես կրկնել դա,- այս անգամ նորից վրա հասաց նախարարի օգնականը, սակայն մեկ անգամ ևս ստիպված եղավ ենթարկվել ծերունու լուռ հրամանին և զիջել, որպեսզի սամուրայը նորից շարունակի կիսատ մնացած իր խոսքը:
-Սակայն, ցանկացած մենամարտ, ինչպես հայտնի է, ունի վերջ. խաղաղությունը այս դեպքում միակ հաղթողն էր թվում, բայց քանի դեռ այն տևում է, ուրեմն մենամարտը անավարտ է մնում, որը սակայն մեր դեպքում անհնար էր դառնում այլևս: Որպեսզի հասնեինք լիակատար և հաղթանակի՝ խաղաղության, հարկավոր էր նախ ինչ-որ կերպ ավարտին հասցնել մենամարտը՝ ժամանակավորապես շրջանցելով և միառժամանակ չանտեսելով խաղաղության գոյությունը: Հարկավոր էր դուրս գալ այդ իրավիճակից. հարկավոր էր դուրս գալ այդ գորշ հյուղակից…Այդ ժամանակ մենք միաձայն սկսեցինք մտորել մենամարտի հնարավոր վերջաբանների շուրջ: Երբ ձեռքս տարա թրի կոթին, հասկացա, որ այն այնուամենայնիվ անպարտելի է և անպարտելի պետք է մնա, և քանի դեռ այն ինձ մոտ է գտնվում, ես պարտավոր էի պատվով դուրս կրել այն և պատվով դուրս գալ ստեղծված իրավիճակից. այն ստիպում էր ինձ չմտածել պարտության մասին, և ես Հիռոին առաջարկեցի, միմյանց զիջելով ճանապարհը, երկուսով դուրս գալ հյուղակից: Իմ հակառակորդը, որը նաև իմ մարտընկերն էր դարձել, ժպտաց և մերժեց այդ առաջարկը: Իմ մարտընկերը բավականին խոհեմ էր դատում, և ես հակված էի հետևել նրա դատողություններին. իրոք, եթե երկուսով դուրս գաինք այնտեղից, ապա ես ստիպված կլինեի, քանի որ նա նույնպես կենդանի էր մնացել, իսկ այն թուրը, որը որ ես եմ կրում, պահանջում է լինել անպարտելի կամ էլ ընդհանրապես չլինել, իսկ եթե նույնիսկ Հիռոն կենդանի դուրս գար այնտեղից ինձ հետ միասին, ապա նրա հետևից որսը կշարունակվեր և ոչ միայն բազմաթիվ անմեղ մարդկանց արյուն կթափվեր, այլ նաև վաղ, թե ուշ նրան ձեր մարդիկ մեկ այլ ծուղակում կբռնացնեին, և այդ ամենի հետ մեկտեղ մենամարտը խաղաղությամբ չէր ավարտվի, ինչը կնշանակեր, որ մենք երկուսս էլ պարտված կլինեինք, ինչպես և նաև մեր մենամարտը:
-Իսկ եթե դու, այնուամենայնիվ, այնտեղ խառակիրի կատարեիր քեզ, ապա քեզ կհաջողվեր փրկել քո պատիվը, իսկ թուրը կանցներ ավելի զորեղ մարտիկին,ինչպես որ հարկն է, այդպես չէ՞- պատկառելի հանգստությամբ սամուրայի խոսքին միջամտեց մինչ այդ նրան ուշադիր լսող ծերունի նախարարը:
-Այո, ճիշտ այդպես, սակայն այդ դեպքում, մենամարտում ոչ ոք հաղթող չէր լինի, և կանհետանար ձեռք բերած խաղաղությունը, որը ամբողջությամբ համակել էր մեզ. քանի դեռ Հիռոն կենդանի էր, իմ խառակիրի կատարելը անիմաստ էր, լիներ դա հյուղակի մեջ այդ ժամանակ, թե հետո՝ արդեն հյուղակի պատերից դուրս:
-Եվ հետո դուք սկսեցիք քննարկել միակ մնացած տարբերակը, որը մենամարտին կտար հաղթական ավարտ, այն է՝ խաղաղությո՛ւն, այդպես չէ՞:
-Մենք այլևս չխոսեցինք…Իմ ձեռքը չէր հեռանում թրի կոթից. այդ ամենը չվրիպեց Հիռոի ուշադրությունից, չնայած արդեն գրեթե ամբողջովին մութ էր ներսում…Նկատելով նրա ուշադրությունը ձեռքերիս մեջ չհանձնվող զենքի հանդեպ, հանեցի այն պատյանի միջից և հանձնեցի Հիռոին…երբևէ չէի տեսել, ինչ որ մեկին, ով կկարողանար անհետանալ թրի հետևում: Երբ նա սկսեց օդում հարվածներ կատարել, ես հասկացա, որ լիներ թուրը նրա ձեռքին մենամարտի սկզբում, այն երկար չէր շարունակվի և կունենար իր արժանի հաղթողը. պատվի ու մահվան թուրը փայլում էր աչքերիս առջև, ինչպես երբեք. կարծես ոչ ոք չկար այդ խրթին հյուղակում, բացի իրենից…
-Տարօրինա՜կ մենամարտ,- բթացած հայացքը չկարողանալով ներկաներից թաքցնել՝ ձայնեց նախարարի օգնականը:
Ծերունու դեմքին ոչ մի ջիղ չէր այլաձևվում. կարծես լսում էր շատ վաղուց մեկ անգամ արդեն լսած, իրեն ծանոթ մի պատմություն…
-Հետո Հիռոն նստեց իր տեղը, սակայն դեմքով դեպի հյուղակի կիսաբաց դռնակը՝ թիկունքով դեպի ինձ, և շարունակեց լռել…սակայն նա այդպես խոսո՛ւմ էր. ես հասկանում էի նրա ցանկությունը. նա ուզում էր, որպեսզի ինքս տեսնեի դեպքերի հետագա զարգացումը և ինքս վերլուծեի մենամարտը սկզբից մինչև վերջ: Առավոտյան, երբ արևի ճառագայթները ընկան իմ և իր առջև՝ ցրվելով բազմաթիվ ցցերի պես, Հիռոն իրեն կատարեց խառակիրի,- այս ասելով՝ Տանակա Հիսոկան գլուխը վեր բարձրացրեց և նայեց վերև՝ ի նշան հարգանքի իր անպարտելի հակառակորդի պատվին:
-Հիսոկա՛, դու կարծում ես, որ նա անպարտելի էր, և ավելի շատ էր արժանի հաղթելուն, քան դու, այդպես չէ՞,- ուշադիր հետևելով սամուրայի շարժուձևերին՝ հարցրեց նրան ծերունի նախարարը:
-Այո՛, ես համոզված եմ դրանում:
-Այդ դեպքում քեզ անպատվաբեր է այլևս այդ թուրը կրել, և քո պատիվը հարկադրում է քեզ կատարել խառակիրի:
-Այո՛, ես դա ընդունում եմ:
-Այդ դեպքում, եթե կարծում ես, որ քո հակառակորդը կարող էր քեզ սպանել մարտում, ապա ինչո՞ւ նա չի արել դա:
-Մինչև լուսաբաց, երբ դեռ Հիռոն չէր կատարել իրեն խառակիրի և համբերատար սպասում էր լուսաբացին, ես խորհում էի այդ ամենի մասին. մեր միջև ծավալված մենամարտը, որը շարունակվեց 5 օր, կարծես սկզբից մինչև վերջ ծրագրված էր Հիռոի նախաձեռնությամբ, նա ինձ կենդանի թողեց, որպեսզի ես, իր փոխարեն, սպանեմ Ձեզ, հարգելի նախարար, միայն այդ դեպքում խառակիրի կատարելով՝ ես կկարողանամ փրկել իմ կորցրած պատիվը և ազատվել Հիռոի պարգևած ողորմածությունից, ինչպես նաև կկարողանամ պահպանել այն թրի պատիվը, որի պատվի համար իմ հայրը նվիրել է իր կյանքը… և միայն ձեզ սպանելու դեպքում խաղաղությունը կհաղթանակի, որը որ Հիռոի ցանկությունն էր:
Սամուրայի այս խոսքերից նախարարի օգնականը վեր թռավ ոտքի և շտապեց թիկնապահներին կանչել, սակայն կրկին զսպեց իրեն՝ տեղի տալով նախարարի ձեռքի հրամանին, որը շուրունակում էր մեռյալ հանգստությամբ հետևել խրոխտ սամուրային և դեռ համբերությամբ սպասում էր նրա գործողություններին, իսկ նախարարի օգնականը, իրեն գտնելով պատին ծեփված վիճակում և լիակատար անորոշության մեջ, այդպես էլ մնաց տեղում գամված:
Ձեռքը մեկնելով թրի կոթին՝ սամուրայը վեր կացավ տեղից, սակայն, ի մեծ զարմանք նախարարի ահաբեկված օգնականին, շրջվեց նրանց դեպի թիկունքով և ապա մոտեցավ ամբողջ պատի երկայնքով ձգվող դռներին. նստեց դրանց առջև և ձեռքի թեթևակի շարժումով մեկը բացեց. միայն այդժամ նկատեց՝ որքան շուտ էր անցել գիշերը. արևի շողերը ներս թափանցեցին և ողողեցին սենյակը: Անկոտրում սամուրայը առանց այլայլվելու պատյանից մերկացրեց սուրը, նույնպիսի հանգստությամբ երկու ձեռքով դեմ տվեց փորին և խրելով այն՝ ձախից աջ տարավ՝ դուրս թափելով ամբողջ փորոտիքը:
Փորձելով մարսել տեղի ունեցածը՝ զարհուրած նախարարի օգնականը մի կերպ կուլ տվեց բերանի մեջ ցամաքած թուքը և ապա հապճեպորեն շտապեց սենյակից դուրս՝ ծառաների հետևից: Քիչ անց, երբ նա վերադարձավ իր հետ բերած ծառաների հետ միասին՝ սամուրայի անշնչացած մարմինը դուրս տանելու համար, դրա կողքին գտան նաև ծերունի նախարարի դին՝ ձեռքերի մեջ սեղմած պահած պատվի և մահվան թուրը:

06.13.09

մաս 1- 4”’րդ մոլորակ

Հայտնվում են օտար մոլորակներից: Խլացման արգելակման և տեսողության ընդլայնման կարողության զարգացման համատեղ ուսման ժամանակ 3””” մասերից թաղանթի այն մասը ծանրացավ, որտեղ մնացածները տեսնում էին ինձ: Նրանք նայեցին այդ ուղղությամբ. հիմա այդ տարածքի շուրջ չկա ոչ մի մնացած մաս: Նրանք նույնն էին. ես տարբերվեցի: Հայտնի էր դասի ժամանակը, թեման և տեսությունը: Փորձարկումների ընթացքում թաղանթի այն հատվածը, որի ուղղությամբ ոչ մի օտար ուժ չէր ուղղվում, նորից ծանրացավ. սկսեց թրթռալ, որոշ մնացած մասերի կողմից մանրէների հոսանք ընթացավ թաղանթի այդ հատվածի ուղղությամբ:
Հայտնի է, որ ես տարբերվում եմ. անհայտ է՝ ինչպես: Խլացման արգելակման և տեսողության ընդլայնման կարողության զարգացման համատեղ ուսման ժամանակ հայտնի դարձավ, որ ինձ կամ արտաքսելու են մոլորակից կամ ոչնչացնելու, եթե չպարզվի այն թաղանթի անակնկալ ծանրացման պատճառը, որտեղ մնացած մասերից առանձնանում էի:
Անհայտ է՝ ինչու:
Դասի թեման՝ այլ մոլորակների ուսումնասիրության համար նոր ձեռք բերված սնման նյութերի հետ ծանոթացում:
Օտար մոլորակից հատնված մասերը գտնվում են հատուկ նախատեսված տարածքում: Այնտեղից վաճառականների միջոցով փոխանցվում են նմուշներ՝ դեռ անծանոթ նմուշներ: Խլացման արգելակման և տեսողության ընդլայնման կարողության զարգացման համատեղ ուսման ժամանակ դասի թեման օտար մոլորակի հետ ծանոթացումն էր, որը փոքր մասերին հնարավորություն է տալիս փորձել խորացնել թաղանթի այն տարածքը, որտեղ մնացած մասերի կողմից կա մշտական անտեսանելի հետապնդում: Մնացած մասերին ևս հայտնի էր գալակտիկայի կենտրոնական գնդի խտության մասին, նրա շարժման, նրա փոփոխությունների: Օտար մոլորակից հայտնված մասի նմուշներում նշվում էր կենտրոնական գնդի մասին: Մեր մոլորակի մասերի համար առանց թաղանթ հատվածները անշարժ պահելու անհնար է որևէ տեսանելի հաղորդակցում հաստատել այդ գնդի հետ, հետևաբար դրա հետ յուրաքանչյուր ծանոթացման փորձ համարվում է հատուկ: Հայտնի էր, որ անհայտ էր օտար մոլորակի և կենտրոնական գնդի փոխազդեցության շրջանակների սահմանները:
Միջոցը, որով շատ մոլորակների մասեր հարվում և շոշափում են միմյանց թաղանթները, տեղի է ունենում անտեսանելի մանրէների շարժման շնորհիվ, ինչպես նաև տեսանելի նյութերի միջոցով: Տեսանելի նյութը իր վրա անտեսանելի մանրէների զանգված կլանող կազմով նյութ է, որի ամբողջ պարունակությունը թարգմանվում է մեր մոլորակի մասերի համար:
Ծանոթացում թարգմանության հետ: Վերնագիրը՝ «Մանրէների առավելագույն խտացված կենտրոնացման գունդը» կամ հենց «Կենտրոնական գունդը»:

շարունակելի…

հատված 1- պատանու հուշերից

արփին

«…ինձ էլ քնից հանեցին. ո՛չ, ո՛չ, հենց իմ կարգադրանքով, և չնայած ես դեռ 8 տարեկան հազիվ լինեի, պատրաստ էի ամբողջ այդ օրը անցկացնել դաշտի մեջ իմ պապուն պատկանող հողատարածքից կարտոֆիլ հավաքելով: Առավոտ ժամը 5-ն էր: Ես դեռ ոչինչ, ինձ հետ նաև իմ փոքր եղբայրը հիմա վեր կկենա, իսկ մեծերն արդեն բոլորն արթուն են, և պապական օջախում այդ վաղ ժամի համար անսովոր եռուզեռ էր տիրում: Քիչ անց բոլորն արդեն պատրաստ սպասում են հարևանին, որպեսզի վերջինս գա և իր բեռնատար մեքենայի թափքի վրա մեզ տանի դաշտ, իսկ այնտեղ՝ դրսում, հիմա սառն է. արփին դեռ նոր-նոր բարձրանում է հորիզոնից վեր, փոքր ինչ շվարած, փոքր ինչ անպատրաստ շտապում է ժամանակի հետևից, որովհետև արդեն ժամը 6-ն է, ինչպես բղավում է մեր հարևանը, բայց կարտոֆիլի գլուխները անհնար է ջոկել ողջ հողատարածքը ծածկաց թփերի մեջ, և այդ ամենը արևի ծույլության պատճառով. մեր հարևան վարորդը, ձեռքը դրած ճակատին, դեռ շատախոսում է անկոչ հյուրի աներեսությամբ, իսկ ես և փոքրիկ եղբայրս կանչում ենք արևին դեպի մեզ մոտ և հրճվանքից ժպտալով` ձեռքերով ծածկում ենք մեր աչքերը, քանի որ անհնար է այլևս երկար ակընդետ հայացքով հետևել նրան. իմ տեսած առաջին արևածագն էր:
Կեսօրին, երբ քրտինքը հոսում էր իմ վրայից, արդեն ամենևին մոռացել էի արևածագի գեղեցկությունը, և թե ինչպես էի սպասում նրա հայտնվելուն. և՛ հոգնած էի, և՛ սոված. իսկ արևը շարունակում էր վառվել վերևում՝ հետզհետե անտանելի դարձնելով դաշտում աշխատողների դրությունը և մեկ-երկու, արդեն ձեռքիցս բաց էի թողնում կարտոֆիլով լցրած դույլերը, երբ, վերջապե՜ս, կանչեցին հաց ուտելու, բոլորս տեղավորվեցինք հողատարածքի գլխին տնկած քոլիկի ներսում. հիմա համ կպաշտպանվենք արևի կիզումից. համ կհագեցնենք սովածությունը: Բավականին աշխատանք կար, սակայն, դեռ կատարելու, և այն պետք է ավարտին հասցնեինք մինչև արևի մայր մտնելը, իսկ նա հեռանալուց այնքան ինքնակամ ու անկանխատեսելի էր, որ ժամանակն արդեն ինքն էր ընկնում նրա հետևից, և նույնիսկ մեր հարևան վարորդին հայտնի չէր, թե երբ նա կբարեհաճի ավարտել իր աշխատանքը…
Հիմա, քանի դեռ արևը չի հեռացել, մի քանի պարկ կարտոֆիլ է ընդամենը մնում թափքին բարձելու, ուստի դաշտ եկած մեքենան իր հետ տանում է հոգնատանջ աշխատավորներին. դաշտում մնում են ջրվորը և ես, ում վերջինս պետք է տեղավորեր իր սայլակին և, հայ դե, սայլակով դեպի տուն՝ վերջին մի քանի պարկն էլ բեռնատար մեքենայի թափքին բարձելուց հետո…
Ճանապարհը երկար է, իսկ ջրվորն այնքան դանդաղ է սայլակը քարշ տալիս. ինձանից բացի սայլակին կարտոֆիլի մի պարկ է դրված և ևս երկու ջրվորին պատկանող պայուսակներ: Աչքերս փակվում են, ձեռքերս թուլացած են, ինչպես և ամբողջ մարմինս. ինձ թվում է, թե չենք հասնի հեռվում երկնքում մի հրե գունդ դարձած այն արևին. ինձ թվում է, թե տուն չեմ հասնելու երբեք…Ջրվորը տարիքավոր մարդ է. մեր բարեկամներից է. ճանապարհին ոչ մի խոսք չի ելնում նրա բերանից, ուստի դժվար է կռահել, թե ինչն է զբաղեցնում նրա միտքը. մի բան պետք է որ անհրաժեշտաբար զբաղեցնի, մի շատ խորհրդավոր և ինձ դեռ անհասանելի միտք…Ինչպես միշտ, մի քանի վայրկյան հետև նայելուց հետո, գլուխս թեքում եմ առաջ. այդ հրե գունդը, որ խրվել է կապույտ խտության մեջ, գտնվում է ուղիղ ճանապարհի մեջտեղում, ուղիղ այն գծի վերևում, որն ասֆալտապատ ճանապարհը բաժանում էր երկու հավասար մասերի, և որի վրայով մենք առաջ ենք շարժվում. տուն տանող ճանապարհը. այն ուղեծրի երկայնքով, որն իր հետևից թողել է արփին…»

հատված 2-

ձայնագրություններ և գրավոր նշումներ “Հրթիռ 87″ տիեզերանավի անձնակազմի անդամների անձնական արխիվներից

«Ես, ինչպես որ անձնակազմի յուրաքանչյուր անդամը նույնպես, կարելի է ենթադրել նրանց՝ մեկը մյուսից խույս տալուց և տածած լռությունից, այժմ միայնակ եմ զգում ինձ: Թռիչքին նախապատրաստվելիս անցնում ենք, ինչպես կարգն է, նաև տիեզերքում անակնկալ իրավիճակներում հանկարծակի հայտնվելու դեպքում մեր գոյությունը պահպանելու համար հարկավոր անհրաժեշտ միջոցառումների միջով, և հիմա, երբ չենք կարող «Երկիր» վերադառնալ՝ ըստ սկզբնական օրացույցի, և այժմ, երբ մեր առաքինությունների մեջ է մտցվել ժամանակ առ ժամանակ օրինաչափորեն հնարավոր թույլատրելի հեռավորության վրա մոտենալ «Արև»-ին ՝ դրա մակերևույթի վրա առաջացած նորահայտ փոփոխությունները հետևելու և ուսումնասիրելու համար, փորձում եմ հիշել, թե երբևէ որևէ տիեզերագնացի մինչ թռիչքը տիեզերք արդյոք նախապատրաստել են՝ դիմակայելու «միայնակության զգացում» կոչված հոգեվիճակին, և եթե ոմանք, շարունակում են պնդել, որ այսպիսի աշխատանքի դեպքում դրա էությունը գիտակցելու անհրաժեշտությունը ենթադրում է նաև, որ ինքդ պետք է նախապատրաստես քեզ առանց որևէ կողմնակի միջոցառման քո իսկ միայնակությանը՝ ինչպես ցանկացած արհեստավարժ՝ իր գործում…սակայն երկրային միայնակությունը մարդու արդյոք նման է այս տիեզերական անվերջությանը…երբ ոչ միայն դու, այլև քո մոլորակը աչքիդ չի երևում…ընդամենը մի կետ, և երբ միայն «Հրթիռ 87»-ը մոտենում է դրան քիչ թե շատ տեսանելի հեռավորության վրա՝ «Արև»-ի վրա կատարած ուսումնասիրություններից հետո, նոր նկատվում են նրա գույները…միայն այդժամ կարողանում ես պատկերացնել քո հեռակա կյանքը դրա վրա, և քիչ թե շատ պարպվում է միայնակության խորունկ զգացումը այն մտքից, որ գուցե քեզ պես հազար հազարներ այնտեղ նույնպես իրենց միայնակ են զգում. դու խղճում ես նրանց և ավելի շատ ինքդ քո փոքրությունը դրա դեմ, որովհետև քեզ ծանոթ անձկությունը բառի բուն իմաստով հիմա տիեզերական է, և միայն քո՝ էլ ավելի հզոր և անընկալելի ու անթափանցելի միայնակության զգացումի՝ «Երկրի» վրա գտնվողներին ծանոթ միայնակության զգացման նկատմամբ գերազանցության գիտակցումն է, այսպես ասած, մխիթարում քեզ, և հետո՝ ուշքի բերում… »

-….իսկ եթե հանկարծ
-Այդ դեպքում…
-Իհարկե, այդ դեպքում, դուք շա՜տ ցավում եք, կապիտա՛ն, բայց ոչինչ չեք կարող անել:
-Հասկացի՛ր վերջապես. եթե մենք չշարունակենք մեր հետազոտությունները, ապա մեր կյանքը ռիսկի տակ դնելու փոխարեն, կարող ենք վտանգել «Երկիր» մոլորակը..
-Ոչ թե «Երկիր» մոլորակը, այլ ձեր գլխավորած նախագծի հաջողությունը: Ես չեմ կարծում, որ չեն կարող նոր տիեզերանավ ուղարկել այնտեղից՝ հետազոտումները ավելի դրան պատրաստված կերպով շարունակելու համար:
-Դու պարզապես չես պատկերացնում, որ սա աննախադեպ հնարավորությունն է մեզ՝ այս տիեզերանավում գտնվող բոլորի համար անխտիր, դառնալ պատմության մի մասը…Իմ կանխազգացություններն ինձ հուշում են, որ «Արևի» մակերևույթի վրա նշանակալից և էլ արտասովոր փոփոխությունները դեռ նո՛ր պետք է տեղի ունենան, հասկանո՞ւմ ես…Այսինքն, հրաժարվել մի նախագծից, որը մենք ենք հղացրել՝ դեռ առաջին անգամ այդ մակերևույթի վրա այդ փոփոխությունները նկատելուց հետո, և ինքնակամ հանձնել ուրիշների՞ն…խելահեղությո՜ւն պարզապե՛ս:
Եվ ինչպես կարող ես, ինքդ գիտնակա՜ն: Հրաժարվել այսպիսի աննախադեպ հետազոտություններից, ինչ է թե պատրաստ չենք: Իսկ եթե հետազոտությունների արդյունքում հնարավոր լինի տիրել «Արևին». այսինքն, հասկանում ես, թե ինչ եմ ասում…Մի օր գուցե հաջողվի մեզ փոփոխություններ մտցնել դրա կառուցվածքում, և մեր կյանքը կհայտնվի մեր իսկ ձեռքերում…Եվ դո՜ւ
-Կապիտա՛ն, «Արևը» քեզ կուրացրել է. այդքան պետք չէ նայել նրան: Մարդը երբեք չի լինի նրա նման ահեղ. այն անձեռնամխելի է. համենայն դեպս մեզ համար: Սա ոչ թե բնության օրենքն է, այլ արդեն տիեզերքի՛, մի տեղ, որտեղ մենք…հյո՜ւր ենք, և այնքան կարճ ժամանակով, որ չենք կարող որևէ իրավասություն վերապահել ինքներս մեզ հսկելու «Արևին»: Ես դեռ վաղուց դադարել եմ հավատալ Աստված աստվածներին. ինձ հիմա փորձում ես հավատացնել, որ մարդը կարող է աստված դառնալ…
-Այո՛, գիտությունը չպետք է հավատա, ընդհանրապե՛ս. այն պետք է գիտական, ճշգրիտ մոտեցում և լուծումներ գտնի՝ խնդիրների և նորարարությունների համար:
-Նորարարությո՜ւն…Եվ ուր է տանում մեզ մեր որդեգրած ճանապարհը, եթե մենք գլուխներս վերև տնկած ենք շարժվում առաջ. մենք մեր առաջ գնալն էլ չենք նկատի…
Որոշումը, իհարկե, ձերն է, բայց պարտավոր եք մտածել ոչ միայն ձեր կամ մարդկության մասին, ինչպես որ դուք եք պնդում, այլ հենց մարդու մասին, այլապես մարդը կկորցնի իր պատկերը, եթե, իհարկե, ձեր ցնորված կանխատեսումները կյանք ստանան մի օր…

«Այստեղ: Բոլորն արդեն դադարել են հիանալ նրա գեղեցկությամբ: Ոմանք նրան նայում են որպես ապարի, ոմանք՝ ինչ-որ աստղի, ոմանք զարմանում են դեռ, ոմանք փոխվում են դրա դիմաց՝ տալով վերջինիս աներևակայելի, նույնիսկ անխոհեմ բնութագրումներ, ոմանք փիլիսոփայի կամ հնէաբանի զննող, լուռ հայացքով աչք են գցում վրան և մտնում իրենց խուցը՝ հենտերը մի մաս պոկելով նրանից, որպեսզի այնտեղ՝ իրենց խցում, ուսումնասիրեն ու տնտղեն այն և հետո՝ վերջում, երբ ամեն ինչ նորից սկսվի, դուրս գցեն այն անպետք իրի պես և կամ նորից գան և մի մաս էլ պոկեն, այդ ծերերը…և ոչ ոք, կարծես այլևս չի հիանում այս գեղեցկությամբ…»

հատված 14- ափ, ծերունի և մանուկներ

Ճիշտ է. այդ դեպքը պատահել է ավելի քան յոթանասուն տարի առաջ, երբ մենք մանուկներ էինք, երբ իմ ընկերները իմ կողքին էին, բոլորը՝ կենդանի: Ճիշտ է, դա այն իրադարձություններից չէ, որը իմ ամբողջ կյանքի ընթացքում հիշել և վերհիշել եմ, սակայն հիմա այն համոզմունքն է ինձ տիրում, որ ես մեծացել եմ հենց այդ դեպքի տպավորություններով, կամ՝ այդ դեպքն է եղել է իմ ծնունդը, մի բան, որը նորածինը չի հիշում, և որի պատկերները նա տեսնում է, ըստ լեգենդի, միայն մահից առաջ…Հիմա չկան իմ ընկերները, չկա էլ այն երկար ժամանակը, որը կոչվում էր անհայտ ապագա և որը մի անգամ ընկած էր իմ առջև և կուրացնում էր աչքերս իր պայծառ շողերով, կա մի փոքր ժամանակ՝ խորհելու և ինչ-որ կերպ նորից ետ բերելու անսահմանության այդ զգացումը…
Հիմա, քիչ անց, արևը կհայտնվի օվկիանոսի և երկնքի ճիշտ մեջտեղը՝ պատկերելով մեր երկրի դրոշը…Հիմա օվկիանոսի ջրերը մգած են. ինչ խոսք, երկինքն էլ դեռ չի հագել իր երկնագույնը. սպասում է արևի մոտիկանալուն, իսկ ափի լայնքով մեկ անցնող զեփյուռը հասնում է ափամերձ ծառերին, մի քանի բառ փսփսում նրանց հետ և շտապում դեպի օվկիանոսի խորքը՝ նորից ետ վերադառնալու և իրենց զրույցը շարունակելու խոստումներ թողնելով…
Այդ օրը հիշում եմ այն պահից, երբ արդեն վազում էինք դեպի ափ: Մեզանից յուրաքանչյուրը մյուսներից շուտ էր ուզում տեղ հասնել և առաջինը նետվել թեթև լողացող ալիքների մեջ: Ռոքսանան, չնայած որ մեր չորսի մեջից միակ աղջիկն էր, այնուամենայնիվ ինձանից և Սանտիագոից առաջ էր ընկած, սակայն հասնել Խոսեի հետևից անկարող էր, որն այնքան արագ էր վազում, որ աստիճանաբար հեռանում էր մեր տեսադաշտից: Դժվար էր հասնել նրա հետևից, բայց մեզանից ոչ ոք չէր ուզում պարտվել: Մինչ ափին մոտենալը Խոսեին ամբողջությամբ կորցրել էինք մեր տեսադաշտից, իսկ Ռոքսանան առաջինը տեղ հասավ, սակայն ջրին չմոտիկացավ…Սանտիագոն և ես ջուրը նետվեցինք. գրեթե միասին. Ռոքսանան ափի երկայնքով մեկ կանչում էր Խոսեի հետևից, սակայն նա չկար…Ջրի մեջ մենք ամեն ինչ մոռացել էինք և երբ միայն փորձեցինք հասկանալ, թե մեր չորսից ով էր իրական հաղթողը, այնուամենայնիվ, մեր մարմնի վրա սկսեցինք զգալ դեռ չտաքացած ջրի սարսուռը…Ռոքսանան չէր դադարում կանչել Խոսեի հետևից. ես և Սանտիագոն, ակամա դուրս եկանք ջրից և շարժվեցինք նրա մոտ, որը ինչ-որ ծերունու հետ էր խոսում…Ռոքսանան մեզ հայտնեց, որ ծերունին տեսել է, թե ինչպես մի մանուկ, որն ամենայն հավանականությամբ մեր ընկեր Խոսեն պետք է լիներ, մինչև մեր ափում հայտնվելը արդեն նետվել էր ջուրը. դրանից հետո ափում միայն մեզ է տեսել, ուրիշ ոչ ոքի…Ռոքսանան մեզ փորձում էր համոզել, որ անհրաժեշտ է ետ վերադառնալ և ջրի՝ ծերունու ցույց տված հատվածում, փորձել գտնել Խոսեին…Մեզանից ոչ ոք այդքան հեռուն երբևիցե չէր լողացել, և մինչ Սանտիագոն և ես սկսեցինք ափամերձ շրջակայքում փնտրել Խոսեին, Ռոքսանան նետվեց ջուրը և սլացավ այդ՝ ծերունու մատնանշած հեռուն…Մենք գնացինք նրա հետևից:
Ջուրը դեռ սառն էր, սակայն աստիճանաբար մոտենում էինք արևին, իսկ նա կամաց-կամաց վեր էր բարձրանում, և շուտով մեզ վրա զգացինք արևի ջերմացնող շողերը…Խոսեն չկար: Առաջինը ես հանձնվեցի և շրջվեցի դեպի ափը. սակայն այդպես էլ միայնակ լողացի հետ. նրանք շարունակում էին դեպի առաջ լողալ, դեպի արևը…Չգիտեմ ինչպես պատահեց, բայց այնքան ուժասպառ էի ինձ զգում, որ կարողանում է մտածել միայն ետ վերադառնալու մասին. նույնիսկ հետ չէի նայում:
Ափում ծերունին էր: Ձեռքը դրել էր ճակատին և նայում էր օվկիանոսի խորքը՝ դեպի իր մատնանշած հեռուն, դեպի արևը…
Աչքերս բացեցի այն ժամանակ, երբ օվկիանոսի վրա արտացոլվում էր երկնքի երկնագույնը, իսկ արևը ժպտում էր, ինչպես հիմա…Ինչպե՞ս հասկանալ նրան. ինչպե՞ս նա կկարողանա հասկանալ ինձ: Հեռվում՝ օվկիանոսի ջրերի մեջ դեպի արևն են լողում ինչ-որ մանուկներ…

Որս

Տեսադաշտը բաց է: Ահա հաստաբուն բաոբաբի տակ ահռելի թաթերը ծալած ծանրացած մարմինը ծառի հովին է տվել կենդանական աշխարհի այս հրաշքը: Մեկ չեմ համբերում, ուզում եմ միանգամից նշան բռնել ու կրակել, բայց վախն հիմա այնքան անարատ և վեհ է իմ մեջ, որ ինձ դուր է գալիս դրան ենթարկվելը, և հետո, դեռ երբեք այսպիսի մոտ հեռավորության վրա չեմ տեսել այս հրաշալի գազանին, և երբ երկուսս էլ ազատ ենք, կարող ենք անել, ինչ ցանկանում ենք: Գլուխը առաջ է երկարացնում, միառժամանակ բարձրացնելով հետևի թաթերը, և նրա բաշը ոսկեզօծվում է արևի ճառագայթներից: Ջանում եմ ինչքան հնարավոր է աննկատ և անշարժ լինել, սակայն իմ մեջ զգում եմ նրան նույնպես տեսանելի լինելու թաքուն ցանկություն: «Նա ինձ տեսնում է և չի հարձակվում. ի՜նչ բախտավոր եմ ես»: Ես կարող եմ կրակել. բայց դեռ ո՜չ: Հետզհետե ինձ այն զգացումն է սկսում պաշարել, որ այդ գազանը հենց ես եմ: Իսկ հասկանում եմ և վատ զգում այն մտքից, որ իրականում ես ավելի վտանգավոր և անխիղճ եմ, քան այդ գիշատիչը…և դեռ, զայրացնում է ինձ այն ճշմարտությունը, որ ես, միառժամանակ շատ ավելի թույլ եմ, քան այդ գազանը՝ երբեք չփոխված, երբեք չփոխվող, երբեք չհնազադնվող, երբեք չպարտվող աննկուն արքան: Ես ինձ այնքան տկար եմ զգում, որ նույնիսկ ծարավից եմ տառապում հիմա, իսկ նա ով գիտի քանի օր է գետափին չի մոտեցել. հսկա մարմինը ձգել է շրջակայքում տեսանելի միակ ծառի ստվերի տակ և վայելում է դրա հովվությունը. համարձա՞կ ես, խախտիր նրա անդորրը: Եվ ես մտածում եմ՝ ո՞ր հատվածի վրա նշան բռնեմ՝ աչքի՞ն, սրտի՞ն, գանգի՞ն:
Երկու ահռելի չափերի հասնող անգղեր, գլուխները ներքև կախած, հսկա պտույտներ են  թևում մեր գլխավերևում: Ուրիշ ո՜չ մի ականատես: «Մեկ կրակոց, և վե՛րջ»: Այդպե՛ս պետք է լինի, այլապես անհնար կլինի փրկվել վիրավոր գազանի հարձակումից: Մինչդեռ նա անշարժ է. վայելում է իր հանգիստը վայելելու իրավունքը, իսկ ես ծարավ եմ, և ոչ մի ծառ չկա գլխավերևս՝ պաշտպանելու ինձ արևի հարձակումից. անհնար է սպանել արևին, սակայն և նույնքան անհնար և աններելի կլինի խախտել այդ ինքնավստահությունը, որն իրե՛նն է հենց, որը ոչ մեկ չի տվել իրեն, որը ոչ մեկից նա չի վերցրել. դա իրե՛նն է, և նա դրանով անմահ է: Սակայն…«Ես որսո՛րդ եմ»: Ես հասկանում եմ, որ եկել եմ այստեղ նենգաբար և, հետևելով իմ՝ հազարամյակների միջով մարդու վաստակած որսորդի օրենսգրքին, բարոյապես խիղճը հաղթահարած, խլելու գազանի կյանքը. ես որսո՛րդ եմ: Բայց մարդիկ հազարամյակներ առաջ և ի վեր որսորդությամբ ստիպվա՛ծ են զբաղվել, և հետո արդեն, երբ շրջվել են քաղաքակրթության  հազարավոր էջեր, որսորդությանը վերաբերվել են որպես խանդավառությամբ լի ժամանցի, իսկ ես հիմա տառապում եմ, և ակամա, այդ գազանի կյանքը ընկած է արդեն ոչ միայն ծարավը հագեցնելու, իմ մեջ ծագած վսեմ վախը ինձ ենթարկելու, ինձ արքայից արքա հռչակելու, կամ բնությանը իմ զենքի զորությունը ցույց տալու, ինքս ինձ սպանելու և դեռ անմահ մնալու ստոր ցանկությունը իրականացնելու, և վերջապես ոչ միայն այդ ծերունի ծառի թագավորությունը ինձ ենթարկելու ցանկություններին հասնելու ճանապարհին, այլ նաև այն պարզ իրականության զոհն է, որ եթե ես հիմա չսպանեմ այս գազանին և ցույց չտամ ինձ լսողներին նրա երախից հանած ժանիքները ի ապացույց իմ պատմածի, այդ մեծամիտներից, այդ կույրերից ո՛չ ոք չի հավատա այս հրաշք տեսարանին, որը հիմա իմ առջև է փռված, որը և հիմա ես վայելում եմ՝ ենթագիտակցաբար դրան ենթարկած իմ բոլոր զգայարանները. նրանք պարզապես չեն զգա գույնները…
Ինձ մնում է նշան բռնել և երկու վայրկյան պահել շնչառությունս: Սակայն ի զարմանս ինձ, հրացանին ամրացված դիտակի մեջ տեսնում եմ երկրորդ կենդանու՝ գազանի ձագին. անհաշտ ոստյուններով ու մեկումեջ գետնին թավալվելով պտտվում է նրա շուրջը, բայց այդպես էլ չի հաջողվում շեղել արքայի զգոնությունը: Հրացանը ձեռքիս մեջ թուլանում է. ուզում եմ անզեն աչքերով վայելել այդ տեսարանը: Կանգնելով չորս թաթի վրա՝ նա հարձակվում է իր տիրոջ վրա, վերջինս ատամներով բռնում է նրա մորթուց ու նետում գետնի վրա. ինչքան ազնիվ ու անարդար է նրանց խաղը: Միևնույն է՝ իրականությանը չեն հավատալու, հավատալու են՝ որպես հեքիաթի. կրակելու մասին այլևս չեմ մտածում: Անտեսելով կիզիչ արևը՝ հրճվում եմ կորյունի համառությամբ, միառժամանակ փորձում գուշակել նրա ցանկությունը: Մտածում եմ, որ հիմա էլ նա է փորձում խախտել արքայի անդորրը՝ փորձելով մատնել նրան անհանգստությանը և արևի ճառագայթներին կրակին:
Մինչ նորից ձեռքս կվերցնեմ հրացանը, որպեսզի նորից ավելի մոտիկից հետևեմ նրանց խաղին, օդում պայթում են կրակոցի ձայներ: Հրացանը ձեռքիցս վայր է ընկնում. զգում եմ. նախ ոտքս, հետո ամբողջ մարմինս սկսում է անզգայանալ:
Քիչ անց արդեն կիսաբաց աչքերով նշմարում եմ գլխիս վրա հավաքված որսորդական հագուստներով ինչ-որ օտարերկրացիների և մի կերպ գլուխս վեր բարձրացնելով՝ փորձում եմ հասկանալ, թե ինչ են նրանք խոսում: Ինչ-որ մեկը ջրի ամանը մոտեցնում է շրթերիս և թրջում գլուխս, սակայն զգում եմ, որ աստիճանաբար կորցնում եմ ինքնատիրապետումը…

Հիվանդը

Հիվանդասենյակում երկու բուժքույր խնամքով քանդում են հիվանդի վիրակապերը: Նրանք նրան նախապատրաստում են բարդ վիրահատության: Հիվանդը գունատ դեմք ունի. այդ տեսնելով՝ բուժքույրները ջանում են գոտեպնդել նրան՝ մեջբերելով, որ վիրաբույժ Արտյոմ Ատոմիչը հինվանդանոցի ամենափորձառու մասնագետն է, և որ նրա կյանքին վտանգավոր ոչինչ չի սպառվում. ամեն ինչ բարեհաջող կավարտվի իր համար: Այդ ժամանակ միջանցքում ձայներ են լսվում. Արտյոմ Ատոմիչին հիվանդասենյակի դռան մոտ դիմավորում են հիվանդի հարազատները: Նրան ուղղված բազմաթիվ խառը խնդրանքներից և հարցերից կարողանալով մի քանի հանգստացնող խոստումով ազատվելով՝ նա մտնում է հիվանդասենյակ: Բուժքույրները տեղեկացնում են նրան հիվանդի կարգավիճակը, և նա հայտարարում է, որ տաս րոպեից նա կմոտենա վիրահատության սեղանին. թող իրեն այնտեղ սպասեն: Դրսում նորից լսվում են հիվանդի հարազատների ձայները. քիչ հետո Արտյոմ Ատոմիչը իր տեղում է: Բարդ վիրահատություն է սպասվում, և նա, նստած իր սեղանի դիմաց, փորձում է կենտրոնանալ վիրահատության վրա: Քիչ հետո, պատշգամբում կանգնած, ծխի միջից հայացքը գցում է դիմացի բակում խաղացող երեխաների վրա և քարանում: Միայն երբ վերջանում է ծխախոտը, հայացքը հափշտապ նետում է պատի ժամացույցի վրա և տեսնելով, որ արդեն ուշանում է, շտապում է վիրահատարան:
Վիրահատությունը, ինչպես սպասվում էր, երկար է տևում: Բուժքույրները գոհ ու հպարտ հայացքով Արտյոմ Ատոմիչին ուղեկցում են վիրահատարանից դուրս: Նրանք միայն լավ արդյունքեր են սպասում վիրահատությունից. չնայած դրա բարդությանը, փորձառու վիրաբույժին այս անգամ էլ հաջողվեց պատվով կատարել իր աշխատանքը: Միջանցքում նորից լսվում են հիվանդի հարազատների ձայները, և նա քիչ անց նորից իր տեղում է:
Օրվա մեջ դա արդեն իր երկրորդ կատարած վիրահատությունն էր: Պաշտգամբ դուրս գալով՝ նա վառում է հերթական ծխախոտը. դրսում գրեթե մութ է արդեն, և նա չի կարողանում գտնել բակում խաղացող երեխաներին: Այս անգամ ծխախոտը կիսատ է թողնում. չգիտի հայացքը որ ուղղությամբ հառի: Երբ մոտենում է իր սեղանին, քարտուղարուհին տեղեկացնում է, որ նոր հիվանդ են մուտքագրել հիվանդանոց, և հիվանդի հարազատները այցի թույլտվություն են խնդրում:
Ներս մտնող հարազատները իր տարիքի ամուսիններ են: Հիվանդը նրանց որդին է: Արտյոմ Ատոմիչը փորձում է հանգստացնել նրանց, սակայն չափազանց դժվար է դա. մայրը և հայրը լացակումած ասում են, որ իրենց որդուն Արտյոմ Ատոմիչի մոտ են բերել վերջին հույսով, որ միայն նա կարող է փրկել իրենց տասչորսամյա որդուն: Իրոք, անհապաղ պետք է վիրահատությունը կատարել, այլապես ուշացման դեպքում վիրահատական միջամտումը գուցե անօգուտ լինի: Սակայն ծնողներին անհնար է այժմ հանգստացնել. ժամանակից շուտ փորձառու Արտյոմ Ատոմիչը խոստումներ չի տալիս իր սովորության համաձայն. դրանք ավելորդ է համարում, ուստի պետք է սպասել, մինչև որ նրանք ինքնաբերաբար հանգստանան, իսկ անմիջապես մյուս օրը առավոտյան կկատարի վիրահատությունը, տեղեկացնում է նա նրանց: Նա միայն կարողանում է ավելացնել, որ դեռ ոչինչ անհույս չէ, և ցանկացած վիրահատությունից առաջ պետք է սպասել միայն լավին: Ծնողների աչքերին հույսի շողեր են երևում, սակայն արտասուքը չի դադարում. Արտյոմ Ատոմիչը նրանց արցունքով ողողված աչքերի մեջ տեսնում է իր արտացոլանքը: Ծնողները երախտիքի խոսքեր չեն կարողանում գտնել. միայն շնորհակալության մի քանի ծվեն: Քիչ անց Արտյոմ Ատոմիչը նորից մնում է միայնակ իր սենյակում: Ուզում է այդպես միայնակ մնալ, սակայն ուշ է արդեն:
Հիմա արդեն հիվանդանոցի բակում՝ ականջին են հասնում դիմացի բակում առավոտից մինչև երեկո իրենց խաղը շարունակող երեխաների ձայները: Պետք է գնալ տուն. ուշ է, և նա մոտենում է իր մեքենային:
Հյուծված է. դա միայն տուն մտնելիս է զգում: Այսօր նույնպես կնոջ աչքերը կարմրած են. մուտքի մոտից անմիջապես քայլերը ուղղում է որդու սենյակ: Անշարժ պառկած է. աչքերը կիսագոց, ձեռքերը վերմակի վրա դրած, դեմքը՝ գրեթե անգույն: Միակ երևույթը, որ հավաստում էր նրա կենդանի լինելը, դա քթի տակ անհասկանալի բառերի կմկմոցն էր: Որդու համար փրկություն չկա, և ոչ մի վիրահատություն այլևս չի կարող փրկել նրան: Հիվանդի հայրը նստում է մահճակալի կողքին դրված բազմոցին և ափերի մեջ է վերցնում որդու թուլացած ձեռքը: Քիչ հետո նա արդեն քնած է:

 

14.03.2009

Դարձ

«Այս սանդուղքը շինել է իմ պապը: Հին սանդուղք…»
Իր պապի շինած սանդուղքն էր: Քայլեց վեր:
«Մասրենին հայրս է տնկել մանուկ ժամանակ: Թեյը համեղ էր լինում…»
Մի պահ կանգնեց, ձեռքը տարավ մասրենու թուփը. հետ բերեց՝ մեջը մասրենու հասած մի պտուղ. տարավ բերանը. անհամ էր: Քայլեց առաջ:
-Գուրգե՜ն…
«Այս ո՞վ է»: Լուռ մնաց:
-Գուրգե՞ն
«Գիժ Ղևո՞նդ»
-Գուրգե՛ն, հասի՛, արի՛:
-Ղևո՞նդ, դո՞ւ ես
-Արի՛, արի՛
«Այս ի՞նչ է ուզում սրանից: Այս ո՞վ է»,
-Այս ո՞վ է
-Ոտքերից բռնի, Գուրգեն հետո կխոսանք. ուժեղ բռնի, որ հանկարծ չկարողանա թփրտա.
ոսկորները ջարդելու եմ լրիվ:
«Իսկ եթե չբռնե՞մ»
-Որտեղի՞ց բռնեմ: Ինչի՞ համար բռնեմ: Ի՞նչ է արել: Ո՞վ է
-Սրան նայի, սրա վիճակը…Գիտեի՞ր մարսելու ես: Դե մարսի հիմա. ո՞նց ես մարսելու արածներդ
«Հերի՞ք չէ տեսնես: Արդեն արյունլվա է»
-Ղևո՞նդ,
-Դու էլ խփիր, կանգնած մի մնա. պապուդ տան գողությունն էլ է ինքը արել: Մի կանգնիր: Պահեմ իրան, դու խփի: Լա՜վ ծեծի:
«Էլ ի՞նչ ծեծեմ սրան, ինչ էլ արել է, արդեն հերիք է»
-Խփի
«Հերիք է: Էլ չեմ խփի»
-Դե՛, դու ոտքերից բռնի. ես՝ ձեռքերից: Տանենք կապենք նկուղում. մնացածին էլ կանչենք՝ գան: Սա դեռ չպրծավ մեզանից:
«Հազիվ է շնչում: Էլ ի՞նչ մնացած: Բան չի մնացել սրանից»
-Ո՞նց ես է Գուրգեն, քեզ որ 10 տարի էլ չտեսնի մարդ, էլի կճանաչի. չես փոխվում. միանգամից ասացի հա, որ մեր Անասենց Գուրգենն է: Ասի ՝ ինչ լավ եղավ, կանչեմ ՝ գա օգնի սրա հարցերը լուծենք: Գիտես՝ ինչքան ժամանակ է ման էինք գալիս սրան: Հեսա տանենք կապենք դազգահից ու էլի հարցերը լուծենք:
-Էս կողմերով էի անցնում: Մտքովս անցավ պապու տուն մտնեմ մի երկու րոպեով:
-Բայց հիմա չե՞ս վրազում չէ: Սրանից դեռ մեր փողերը պիտի ուզենք: Հեսա համար կտա հեռախոսի, կզանգենք, որ փող բերեն: Դու էլ բաժին ունես դրանից. ոտդ մի քիչ կա՛խ գցի:
«Ի՜նչ փող, ի՜նչ բան»
-Սա փող տվող չի, Ղևո՛նդ: Որ ունենար, գողություն չէր անի: Կամ էլ շուտ կխոսար փող տալու մասին. մինչև ծեծ ուտելը:
-Չթողեցի, որ ծպտուն հանի: Հենց տեսա, միանգամից խփեցի. պիտի լավ ծեծ ուտեր, նոր..Կտա՛, ո՞նց չի տա: Թե չտա, էլի՛ ծեծ կուտի:
«Միանգամից խփեցի…»
-Հետո՞: Դասերդ ո՞նց են, Գուրգեն ջան: Հիշում եմ պապիդ միշտ ուզում էր, որ դու պաշտոնի անցնեիր:
-Լա՛վ են դասերս:
«Դասերը կարևոր չեն ինձ համար. առավել ևս իր համար: Հիմա էլ ուզում է ինձ «իրական» կյանքի հետ ծանոթացնել: Գիժը…»
-Գուրգե՛ն, մի անգամ, ոտքերից լավ բռնի, մի անգամ հերդ աչքիս դեմը մի հոգու ոնց ծեծեց…Չէի սպասում իրանից: Պատկերացրու, որ ես խառնվեցի ու չթողեցի շատ ծեծեր:
-Ղևոնդ ջան, թաղեցիներին կանչի, որ ես արդեն գնամ:
-Դե սպասի գնամ պարան բերեմ, նոր գնա: Փաստորեն, փողը չես ուզում…
«Պարան: Մարդ: Գրեթե անշունչ է. էլ ի՞նչ պարան…Երևի լավ է, որ էլ այս թաղում չենք ապրում: Հայրս էլ այստե՛ղ է մեծացել: Դրա համար ես պարտավոր եմ ավելի լավը լինել»:
-Վա՜յ, Գուրգե՞ն ջան: Դո՞ւ: Դա ո՞վ է
«Ի՞նչ կմտածեն…»
-Չգիտեմ: Սպասում եմ Ղևոնդին:
-Գժի՞ն:
«Գժի՛ն…Իրան գժի տեղ է դրել: Մենակ գիժը իրեն գժի տեղ կդնի…»
-Հա՛: Տե՛ս, գալիս է: Ես գնում եմ: Իրեն կասես, որ շտապում էի: Ցտեսություն:
-Շուտ-շուտ արի մեր կողմերը, ա՛յ տղա:
«Ուշ-ուշ…Երբե՛ք»:
-Կգամ…
04.02.09

Դուռը

Ինչպիսի՞ն են ինձ մարդիկ տեսնում: Ծանոթները գիտեն, որ ես այս ինչ այս ինչի ավագ որդին եմ, սրա կամ նրա բարեկամը, ժամանակ առ ժամանակ կարող եմ լինել հետաքրքիր զրուցակից, երբեմն բավականին հարգալից, երբեմն անհասկանալի պահվածքով մի երիտասարդ, անունը՝ հայտնի, կրթությունը՝ անավարտ, և հիմա սկսել է հանկարծակի մեծ հետաքրքրություն ցուցաբերել նկարչության արվեստի նկատմամբ. մոտ երեք տարի կլինի, ինչ արդեն աշակերտում է ինչ-որ հայտնի նկարիչին, և որ նա չունի հայտնի սիրեցյալ: Ծանոթները գիտեն, թե ինձ ճանաչում են: Նրանք գիտեն, որ ինձ տեսնում են. տեսնում են` ոմանք մի քանի օրը մեկ, ոմանք՝ տարին մեկ, կապ չունի, կարևորը՝ ես իրենց աչքի առջև եմ, և դա բավական է:
Ես գնում եմ ինչ-որ հայտնի նկարիչի տուն. նրա արվեստանոցը տեղակայված է իր ընդարձակ տան սենյակներից մեկում: Դրսում հիմա մռայլ եղանակ է. քիչ հետո սկսում է անձրևել: Ես քայլերս չեմ արագացնում, քանի որ նախ անձրևը այդքան էլ սարսափազդու չէ ինձ, երկրորդ՝ իմ ձեռքի մեծ կտավը այնքան լավ է փաթաթված կաշվե պատյանի մեջ, որ համոզված եմ այն չի թրջվելու և երրորդ, չեմ արագացնում քայլերս, որովհետև ուղեղս պաշարված է ինչ-որ մտքերով, որոնք չեն թողնում ինձ ազատ շարժվել առաջ: Կտավը հապճեպորեն վերև եմ բարձրացնում և հորիզոնական դիրքով այն անցկացնում եմ իմ դիմացից եկող անցորների գլխավերևով, նրանց անցնելուց հետո անմիջապես թռնում եմ դիմացի ջրափոսի վրայով և այդ ամեն կատարում եմ հայացքս գետնի վրայից չհեռացնելով: Նոր-նոր նա իր առաջին քայլերն է անում. այդպես էլ ինձ տեսնում են անծանոթները: Նրանք ինձ ավելի լավ են ճանաչում թերևս, քան ծանոթները. ես նոր-նոր կարողանում եմ իմ ուզածի պես տիրապետել վրձնին:
Մտնում եմ այն տունը, որտեղ ինձ սպասում է վարպետը: Տունը ինձ հարազատ է միանգամից մի քանի պատճառներով. նախ արդեն երեք տարի է, ինչ դարձել եմ նրա ապօրինի բնակիչը, երկրորդ՝ այնտեղ զբաղվում եմ իմ սիրած զբաղմունքով, երրորդ՝ այնտեղ ապրում է այն էակը, ով վերջին տարվա մեջ օրեցօր փոխվում է իմ աչքին՝ վարպետի դուստրը…Եվս մեկ կարևոր հանգամանք և գուցե ամենագլխավորը. քանի որ ակամայից այդ տանը ինձ վաղուց օտար չեմ զգում, ինձ տիրում է տան բոլոր գաղտնիքներին տեղյակ լինելու գաղտնի ցանկությունը, և շատ բան ինձ համար պարզ է՝ մի բացառությամբ միայն՝ միջանցքի վերջում գտնվող դռան առեղծվածը. այն երբեք չի բացվում, ո՛չ վարպետը, ո՛չ նրա դուստրը երբեք չեն բացել այն իմ ներկայությամբ, մի քանի անգամ բոլորից թաքուն այն բացելու անհաջող փորձեր անելուց հետո, ես գրեթե համոզվել եմ, որ երկար ժամանակ է ինչ, այն չի օգտագործվում: Ի՞նչ կա դրա հետևում. չեմ կարողանում գուշակել: Վարպետին չեմ կարողանում հարցնել, աղջկան՝ առավել ևս: Ընդմիջման ժամանակ կանգնած եմ դռան դիմաց. ինչպես միշտ փորձում եմ գուշակել, թե ինչ կա դռան հետևը. դա ո՛չ վարպետի, ո՛չ նրա աղջկա ննջասենյակի դուռն է, ո՛չ հյուրասենյակի, ո՛չ ճաշասենյակի, ո՛չ էլ ինչ-որ պահարանի (պահարանի համար այն չափազանց մեծ է): Ինձ կանչում եմ ճաշասենյակ՝ միասին ճաշելու: Դիմացս նա է նստում. մենք շատ քիչ ենք խոսում. ոչ մի էական բան: Ճաշի ժամանակ միշտ լուռ ենք. վարպետը նույնպես չի խոսում: Ես մտքիս մեջ մտածում եմ, որ ժամանակն է հարմար առիթ ստեղծել մեր երկուսիս միջև գոյացած անջրպետը վերացնելու համար. նա արդեն գեղեցիկ օրիորդ է և օրեցօր ավելի է գրավում իմ ուշադրությունը, սակայն քանի որ մեր հարաբերությունները դեռ սկզբից կախված են եղել երրորդ մարդուց, այն է՝ նրա հորից և իմ վարպետից, հիմա երկուսս էլ նայում ենք նրան. ես ջղայնանում եմ նրա վրա, քանի որ ամեն անգամ այս տուն մտնելուց նա մուտքի դիմացից դիմավորում է ինձ մինչև արվեստանոցը, որտեղ կամ ես միայնակ եմ աշխատում կամ իր հետ, հետո՝ ինչպես հիմա երեքով առանց ծպտուն ճաշում ենք և միմիայն ընդմիջումներին երբեմն հարմարեցնում եմ մի քանի թռուցիկ խոսք փոխանակել աղջկա հետ, որը սակայն միշտ շշուկով է խոսում ինձ հետ: Եվ ինչպե՞ս վերացնել այդ սառույցը. չէ որ ես նրան գրեթե չեմ ճանաչում: Նայում եմ նրա աչքերին. նրա աչքերը նույնպես ինձ խորհրդավոր են թվում. մի պարզ պատճառով՝ չգիտեմ ինչ կա դրանց հետևում: Ահա նորից գնում ենք արվեստանոց, իսկ միջանցքի վերջում՝ դուռը: Այս անգամ կհարցնեմ նրան, և արվեստանոցում գտնելու ամեն վայրկյանին մտքիս մեջ փորձում եմ ձևակերպել հարցի ամենապատշաճ տարբերակը: Երբ պարապունքը վերջանում է և վարպետի հետ միասին արվեստանոցից դուրս ենք գալիս ես կանգնում եմ և, շրջվելով դեպի վարպետը, հայացքս ձգում եմ նրա հետևը գտնվող դռան վրա ու առանց վարանելու հարցնում նրան. «Վարպե՛տ, ի՞նչ է այն դռան հետևում»: «Սենյակ».նույնպես առանց վարանելու պատասխանում է վարպետը: Իմ հարցի ոչ իմ սպասած պատասխանը:
Անձրևից հետո եղանակը դրսում բացվել է, և ես ուզում եմ շրջել քաղաքով: Մտածում եմ, որ վարպետը այլ կերպ չէր կարող պատասխանել իմ հարցին. նա ինձ սովորեցնում է նկարել և ոչ միայն. նկարելու համար հարկավոր է նախ տեսնել: Հիշում եմ հայտնի այն նկարիչի հայտնի կտավը, որի վրա պատկերված էր ծխամորճ, իսկ անմիջապես դրա տակը գրված էր «Ինչ-որ դուք տեսնում եք, ամենևին էլ ծխամորճ չէ»: Իհարկե.այն, ինչ որ մարդիկ տեսնում էին՝կտավին նայելիս , ծխամորճ չէր, այլ ծխամորճի նկար: Հիմա գլուխս կռացած չէ, և քայլելիս արդեն նայում եմ ինձ հանդիման եկող մարդկանց դեմքներին, նրանց շարժուձևերին, գլուխս վերև եմ բարձրացնում. արև է վերևում, ներքևում ես եմ, և թեպետ իմ քայլերս չեն արագանում, ես գիտեմ այժմ, թե ուղեղս ինչ մտքերով է պաշարված: Իրոք, որ դռան հետևում սենյակ էր, և այդպես էլ եղել է միշտ: Երևի պետք էր հարցնել վարպետին, թե ինչ կար այդ սենյակում. գիտեմ նա կպատասխաներ՝ մահճակալ, կամ կահույք, կամ դատարկ է. ինչ էլ որ լիներ այնտեղ, դա էլ նա ինձ կպատասխաներ և սակայն այդպիսով իմ հարցը նույնպես բավարարված չէր լինի լիարժեք պատասխանով, քանի որ փակ դռան հետևում ես փնտրել եմ ոչ այլ ինչ, քան առեղծված, և ոչ թե կահույք կամ դատարկություն: Հասկանում եմ, որ դռան ամբողջ առեղծվածը դրա իմ դիմաց փակ լինելու մեջ է, և ոչ մի առեղծված էլ չկար թաքնված դրա հետևում:
Այդ օրը ոչ սովորականի պես ուշ վերադարձա տուն: Ուշադրությունս հեռվացել էր ինձանից և շրջում էր անցորդների հայացքների, հանդիպակաց շենքերի, մեկումեջ պատահող միջադեպերի վրայով: Հիմա նորից քայլում եմ այնտեղ: Ահա նորից շքամուտքի մոտ բարեհամբույր ժպիտը դեմքին ինձ դիմավորում է վարպետը, և մենք շարժվում ենք արվեստանոցի ուղղությամբ, ինչպես միշտ: Միջանցքի վերջում դուռն է, դռան հետևում՝ սենյակ:
Ճաշի ժամանակ ես նայում եմ նրա աչքերին. նա նայում է ինձ: Ես ճանաչում եմ նրան. ես գիտեմ՝ ինչ կա այդ աչքերի հետևում, և հանգիստ կարողանում եմ զմայլվել այդ աչքերի գեղեցկությամբ:
13.03.2009

1+1=1

1.
«Նա բժիշկ է: Հեգնանքով կնայի ինձ ու կասի, որ ես էլ եմ ծեր, և նրան ձեռ չառնեմ. իբր թե ծեր բժիշկ: Ձեռ չեմ առնում նրան. ես սիրում եմ կտրուկ խոսել, բառերի մեջ երկակի իմաստներ չեմ տեսնում. ասում եմ, որ ծեր ես, իսկ նա հիշում է իր անցյալը և միանգամից սկսում խոսել իր անցյալից: Շատ ժամանակ խոսում է ինչ-որ չեղած բաներից, որ եթե այսպես աներ, շատ հավանական էր որ լիներ, կամ բաներից, որոնք ունեն ավելի քան հիսուն տարվա վաղեմություն: Նրան չվիրավորելու համար երբեմն ձևացնում եմ, թե ականջներս սրած լսում եմ իրեն: Պարզ է բայց. նա ուշադրություն չի դարձնում ինձ, երբ սկսում է փորփրել իր անցյալը: Արդարության համար ասեմ, սակայն, որ երբեմն նրա զրույցը բավականին հետաքրքրում է ինձ, միայն երբ սկսում է պատմել իր կատարած վիրահատությունների մասին: Հետաքրքրում է ինձ լսել, թե ինչպես է կարողացել դուրս գալ վիրահատությունների ժամանակ առաջացած չսպասված բարդությունների տակից: Իրոք, այդ ամենը հետաքրքիր է, սակայն ծերուկը այդ մասին քիչ է խոսում. համարում է, որ այդ խնդիրները դադարել են հետաքրքրել իրեն, նամանավանդ այն դեպքում, ինչպես ինքն է հաճախ ասում, որ որոշ դեպքերում չի հաջողվել գտնել հարկավոր լուծումը, իսկ այդ լուծումը կարող էր փրկել կործանումից ինչ-որ մեկի կյանքը: Իմ բերած վիճակագրական տվյալները, հավանականության տեսությանը վերաբերող խնդիրների տարբեր օրինակները չեն հետաքրքրում նրան. նման դեպքերում մեր զրույցը միշտ անավարտ է մնում: Կարծում եմ, եթե փոքր ինչ նման լինեի նրան, ցանկացած ժամանակ կփրկեի մեր զրույցը, սակայն այդ ամենի համար հարկավոր են հարկավոր, պետքակար բառեր, իսկ ես սովոր եմ թվերին հատկացնել իմ ամբողջ ուշադրությունը. խնդրեմ, կարող եք պատկերացնել, որ նման դեպքերում զրույցը փրկել անհավանական է, գումարած այն հանգամանքը, որ չեմ էլ ցանկանում. ես նման դեպքերում ինքս ուզում եմ գլուխս ազատել ծերուկից: Ինչևէ, նա՝ այդ ծերուկը, նախկին վիրաբույժը, վերջին տարիներին դարձել է իմ ընկերը: Ուրիշ ընկեր չունեմ: Չեմ փնտրել երբեք, իսկ սա չգիտեմ որտեղից հայտնվեց: Երբեմն օգնում է ինձ, իրոք, երբեմն կարողանում եմ նոր լուծումներ գտնել: Նրա ներկայությունը չի խանգարում ինձ, ուստի չեմ վանում հեռու: Նրան ինչքան նկատում եմ, այդքան էլ կարողանում եմ հեշտությամբ անտեսել առանց մեծ դժվարության: Կարծում եմ իր համար ես ոչ ամենալավ ընկերն եմ: Մի մարդ, որ սովոր է ու խոսում է կարճ ու կտրուկ, լակոնիկ, խոսքերին ուշադրություն չդրարձնելով, քանի որ ողջ էներգիան պահում է իր սեփական մտորումների լուծումները գտնելու համար, իր համար լավ ընկեր չի կարող լինի: Վերջին ժամանակներս մեր հանդիպումների ժամանակ շախմատ ենք խաղում: Շախմատ խաղալու համար լավ ընկերներ ենք: Խաղի ժամանակ նա չի խոսում: Ցանկացած խաղ մնում է անավարտ, նույնպես. մեզանից ոչ մեկին չի հաջողվում վերացնել հակառակորդ թագավորին: Խաղից հետո ինձ անվանում է «ուռուցք», հետո ավելացնում, որ վտանգ չկա. բարորակ եմ: Խաղից հետո տախտակի վրա նրան ցույց եմ տալիս այն չկատարած քայլերը, որոնք կատարելու դեպքում նա կարող էր հասնել հաղթանակի, նա պատասխանում է, որ մյուս անգամ անշուշտ կհաղթի և սկսում է մեկնաբանել «հաղթանակ» բառը: Խաղից հետո մենք արդեն լավ ընկերներ չենք. բաժանվում ենք իրարից: Ինձ մաղթում է մինչ նոր հանդիպում և ավելացնում, որ…»

1.
«…Խելո՜ք, հաղթանակի քայլերը գիտեիր, ինքդ հաղթանակեիր: Մի՞թե բոլոր մաթեմաթիկոսները սրա նման են: Խաղով ավելի շատ տարվում է միայն խաղից հետո. մի՞թե բոլոր մաթեմաթիկոսները սրա նման փորձում են ցույց տալ, որ իրենք խելացի են, որ իրենք գիտեն հաղթանակի հասնելու բոլոր ուղիները և միառժամանակ ձգտում են ցույց տալ, որ իրենց ընդհանրապես ուրիշ բան է հետաքրքրում: Ինչքա՜ն է սիրում հաշվել. դառել է թվերի գերին, երբեմն փոշմանում եմ, որ չունեմ ավելի հետաքրքիր ընկեր: Տախտակի վրայի թվանշաններին ավելի շատ է ուշադրություն դարձնում, քան թե խաղին. ես համոզված եմ, որ եթե նույնիսկ նրան հաջողվի մի օր հաղթել, նա երբեք չի զգա հաղթանակի պարգևած իրական բերկրանքը: Ի՜նչ է կարծում. հաղթանակը դա ընդամենը լավ հաշվարկված ճշգրիտ քայլերի եզրահանգում է՞…Հիմարի՛ մեկը: Հաղթանակը պետք է փնտրել խաղից դուրս: Հաղթանակի օրենքները չեն կարող սահմանափակվել ինչ-որ թվերով: Հաղթանակը դա հոգու ստատիկ հանգստությունն է, ուստի անհնար է դրան հասնել ինչ-որ կանխամտածված ճշգրիտ քայլերի միջոցով. հաղթանակի հասնելու համար պետք է տեղի ունենա անսպասելին, մի բան որ քեզանից վեր է և իջնում է ձեռքերիդ մեջ. և դու հանգիստ ես, խաղաղ, իսկ ճշգրիտ քայլերով առաջ շարժվելով կհասնես ոչ թե հաղթանակի, իր ասած խնդրի լուծման, այլ մի նոր խնդրի առջև կկանգնես, կամ կգտնես քո կործանումը: Չէ՜, նրան միշտ նոր խնդիր է հարկավոր, իսկ նոր, ավելի հետաքրքիր խնդիր գտնելու համար նրան անհրաժեշտ է լուծել հերթական խնդիրը, և այդպես շարունակ, մինչև կգտնի ամենամեծ հարցի պատասխանը. չէ՛, մինչև կգտնի ամենամեծ հարցը:
Ուզում եմ օգնել նրան: Պատմել նրան իմ կյանքը, կյանքի իմ փորձը… Եվ պատմում եմ, իսկ նա ձևացնում է, թե իբր աչալրջորեն հետևում է իմ պատմածին: Չէ՜, չի հետևում, ձևացնում է: Մտքի մեջ ինձ անվանում է ծերուկ ու կարծում է, որ զուտ հիշողությունների գիրկն եմ ընկել, իսկ ես միայն հիշողություններից չեմ խոսում: Ուզում եմ, որ նա վերադառնա իր նախկին կյանքին, չնայած որ շատ բան չգիտեմ իր նախկին կյանքի մասին: Գիտեմ որ, արդեն բավականին հասուն տարիքում իր կարծիքով նոր հասկացել է, թե իբր իր կյանքը այն ժամանակ միայն ինչ-որ իմաստ կունենա, երբ հասկանա թե աշխարհը որ գումարելիներից է կազված, որ գումարելիներն են ստեղծում պատասխան և.. և վիճակագրական տվյալներ ուսումնասիրելով, մաթեմաթիկական խնդիրների մեջ խորասուզվելով նոր կկարողանա կյանքի առաջադրած խնդիրները լուծել, լուծել թվերի՛ միջոցով, և նա այդ խնդիրները պատկերելով թվերի միջոցով ավելի հասկանալի կդարձնի բոլորի համար, իսկ դրանց լուծումները, որոնք դեռ նա պետք է անպայման գտնի, պարզ կլինեն բոլորին: Ես ուզում եմ օգնել նրան. հետ բերել կյանք…Չնայած, ինչ ասեմ, չեմ թաքցնում, որ ես նույնպես կտրվել եմ իրական կյանքից, երևի նա ճիշտ է մտքի մեջ կարծում, որ ես չեղած կամ հնացած բաների մասին շատ եմ խոսում…Չէ՜, միշտ չէ, որ նա թաքցնում է իր մտքինը. կարճ ու կոնկրետ երբեմն ինձ ծերուկ է անվանում ու տեղից վեր կենում՝ իմ պատմածը ամեն անգամ անավարտ թողնելով: Ծերու՞կ: Եթե հայելի ունենայիր տանը, ինքդ կտեսնեիր, որ մի նման ծերուկ էլ դու ես: Հաշվե՞լ ես սիրում, տեսնեմ կկարողանայի՞ր հաշվել գլխիդ սպիտակ մազերը: Ինձ անվանում է ծերո՜ւկ. կարծում է կյանքը ինձ համար լոկ հիշողություն է դարձել, իսկ ինքը, իր խնդիրների մեջ խորասուզված, չի՜ պատրաստվում դեռ խորտակվել: Ինձ լսի՛ր և բոլոր հարցերիդ պատասխանները կգտնես…չե՜ս լսում: Եվ ինչու գտա հենց սրան: Հանձնվում եմ. չեմ կարողանում ինձ զսպել, երբեմն մեջս այնքան է կուտակվում, որ դուրս եմ գալիս շրջելու և, ահա՜, նորից հանդիպում եմ նրան: Ի՜նչ անեմ. ուրիշ ընկեր չունեմ:»

2.
«Երբ մեր հանդիպումը կիսատ թողնելով և ինձ հաջողություն մաղթելով՝ ծերուկը հեռանում է, ես նայում եմ նրա հետևից և մտածում, որ ամեն ինչ այդքան էլ հանդարտ չէ նրա մեջ, ինչպես որ ինքն է ցույց տալիս. մի ամբողջ կյանք է ապրել ու դեռ դուրս է եկել շրջելու…Ինչ-որ մի բան փնտրո՞ւմ է, գտնում է՞: Ինձ գտա՛վ, իսկ ուրի՞շ: Նա խոսում է, խոսում է…ես նայում եմ նրան ու համոզվում, որ նա դեռ փնտրտուքների մեջ է, և ես նրան կարողանում եմ օգնել զուտ իմ ներկայությամբ, զուտ իմ եղելությամբ: Նա միշտ ժխտում է այն, որ ինքը դեռ ինչ-որ մի բան փնտրում է, իսկ ես համոզված եմ, որ չկա այնպիսի մարդ, ով տանից դուրս կգա և ոչինչ չի փնտրի, այլ պարզապես կշրջի: Նա նման է 1-ին ձգտող թվի: Նա 1 չէ: Իհարկե, իր սովորության համաձայն, նա չի համաձայնվում իմ թվաբանական փոխարկումներին, ասում է, որ թվերով ամեն բան չես կարող ցույց տալ: Ցույց եմ տալիս թղթի վրա իր շարժումները հասարակ սլաքով հետո ցույց եմ տալիս իրեն 1-ով, ու բառերով հասկացնում, որ բառերը անիմաստ են, որ ամեն ինչ պարզ երևում է հենց իմ գրած նշաններից: Կարելի է ասել, որ իր փնտրտուքները խանգարում են իրեն լինել ամբողջական 1: Ծերուկն ասաց, որ այդ դեպքում ես նույնպես 1-ին ձգտող անվերջ միավոր եմ, ինչպես որ ես եմ ասում: Համաձայն եմ իր հետ, քանի որ նա ակամա համաձայնվում է իմ տեսության հետ: Այս մի հարցը լուծված է, իսկ ո՞րն է հաջորդ հարցը…Ծերուկը զայրացավ այն բանի վրա, որ ակամաից համաձայնվեց իմ տեսության հետ, որը որ ըստ հավանականության նա ոչ ցանկանում էր, ոչ էլ ցանկանում էր ցույց տալ և, հետաքրքիր բան, մինչև հիմա մտածում եմ նրա ասածի շուրջ: Ասաց, որ ահա խնդիր ինձ համար. գտնել լիարժեք 1-ը: Այդ դեպքում, ասում է, որն է լիարժեք մեկը, չէ որ այն, ինչն օժտված է կողմնորոշվելու ունակությամբ, շարժվում է ինչ-որ ուղղությամբ: Եթե հերքեմ, որ չկան ամբողջ միավորներ, ուստի դա կնշանակի, որ մաթեմաթիկան և թվերի փոխակերպած իմ պատկերացրած աշխարհը գոյություն չունի, և ես տարված եմ ուրվականների հետևից, ինչպես որ ինքն է մեկնաբանում, և որ ես ցնորված եմ, ինչպես որ ինքն է ասում, և որ պետք է վերադառնամ կյանք, որտեղ ամեն ինչին պետք է նայել որպես ամբողջ միավորների և որտեղ պետք է հաշտվեմ ամեն ինչի հետ, և ավելորդ խնդիրներ չսարքեմ իմ գլխին, ինչպես որ ինքն է ասում: Ես հերքում եմ ամբողջ միավորների եղելությունը, քանի որ ուզում եմ գտնել այս խնդրի պատասխանը. ինչպե՞ս ստանալ 1 ամբողջությունը…»

2.
«Խելոք բան ասաց այս անգամ. ես մի ամբողջ միավոր չեմ կազմում: Եվ ինչո՞ւ էի դուրս եկել շրջելու. փնտրում էի՞ ինչ-որ մի բան, գտա՞ ինչ-որ մի բան: Գտա հարցերով լի մաթեմաթիկոսի, որը դեռ շարունակ հարցեր է կազմում, և մենք ընկերացանք: Ընկերացանք, որպեսզի մեկը մյուսիս հաստատի մեր առանձին ամբողջականությունները, այնինչ, իրոք, եթե մենք լինեինք առանձին ամբողջականություններ, իրարից արդեն վաղուց բաժանված կլինեինք, իսկ, ահա, երբ դուրս եմ գալիս շրջելու նա ընկերանում է ինձ. այդպես ինձ ցույց տալիս, որ ես փնտրում էի իրեն, որ ես դուրս էի եկել ինչ-որ մի բան փնտրելու: Իմ տված հարցը իրեն շատ դուր եկավ. հիմա, ով գիտի, արդեն մտատանջվում է դրա պատասխանի վրա…Ես, իրոք, չե՞մ կազմում ինչ-որ մի ամբողջականություն…հը՜մ..Իսկ ինչը՞ այն չեմ արել, ի՞նչ պետք էր անել: Երևի պետք էր դեռ վաղուց մի փոքր էլ այս մաթեմաթիկոսի նման գլուխս հարցերով լցրած լինեի. գուցե ժամանակին՝ դեռ մինչև ծերանալը գտնեի բազում կարևոր հարցեր և ինձ տայի դրանց լուծմանը: Խոսում եմ հաղթանակի և հոգու ներդաշնակության մասին, իսկ ո՜ւր է դա ինձ: Իմ հանգստությունը ստատիկ տիպի չէ, իմ հանգստությունը անհանգիստ հանգստություն է, իմ հանգստությունը պարտվածի հանգստություն է, որը լավ պատկերացնում է հաղթանակը: Այդ մաթեմաթիկոսը ճիշտ է ասում, որ իմ հուշերը ավելի շատ նման են չիրականացված ցանկությունների: Եվ ինչո՞ւ եմ խոսում դրանց մասին..հա՜, խոսում եմ, որ ամեն անգամ ես լսեմ, թե ինչքան բան կարող էի անել և չեմ արել: Եվ ամեն անգամ ես նույն բանն եմ լսում. իմ ասածների մեջ ոչինչ չի փոխվում. հիմա ոչինչ էլ չեմ կարող անել…Գնամ ու ամուսնության առաջարկություն անեմ այն կնոջը, որը կուզենայի դառնար իմ կյանքի ընկերը, մեկնեմ այն երկիրը, որտեղ կուզենայի նոր հիմնահատակից սկսել իմ կյանքը, սկսեմ զբաղվել այն գործով, որից որ երբեք չեմ հոգնի…Հա՜, ծերուկ, իսկ ո՞վ է հիշում հիմա քեզ. քո հաճախորդները՞: Ո՛չ, չեն հիշում: Նրա՞նք, ում փրկել ես մահից. ո՜չ: Ո՛չ, չե՛ն հիշում: Իսկ իմ մահը ով գիտի շրջում է կողքերս և սպասում է, որ մի տեղ, փողոցի մի անկյունում սայթաքեմ, որ իր հետ տանի ինձ: Ով գիտի ինչքան ժամանակ կա դեռ մնացած..Հիմա չեմ հանձնվի, հիմա ես ցույց կտամ նրանց, որ ես առաջվա անհոգ այն տղամարդն եմ, ով կարող է և պատրաստ է իր աշխատավարձը ցփնել կանանց և հաճույքների վրա: Հիմա կգնամ ու կփնտրեմ հերթական զոհին…է՜հ, ինչքան վաղուց կնոջ հետ չեմ եղել: Սա կլինի ոչ թե հերթականը, արդեն, ինչ արած, այլ առաջինը..Կարևորը, որ կլինի: Կվերադառնամ կյանք: Կհագնեմ իմ կոստյումը, կփայլեցնեմ կոշիկներս, կկապեմ փոխկապս, կոստյումի վրայից վերարկուն, հետո գլխարկը ու կգնամ որսի: Ինչ-որ մի տեղ նա սպասում է ինձ, և ես գիտեմ թե նա որտեղ է: Եթե այդ ակումբը դեռ գործում է, ուրեմն հենց այնտեղ էլ նա ինձ սպասում է…»

3.
«Դուք տեսնեիք այդ ծերուկին: Հա՜, հա՜, հա՜…ես ծիծաղում էի: Ծերուկը հարբել էր մինչև ոսկորները…Հարբել էր ու պոկ չէր գալիս ծեր մարմնավաճառից, ես ծիծաղում էի…Հա՜, հա՜, հա՜…Ծերուկ, ասում եմ, ես քեզ կօգնեմ, մի կողմ քաշվիր: Եթե քիչ է, ես կավելացնեմ մնացածը…Հա՜, հա՜, հա՜…Ծերուկը ինձ մի կողմ է հրում և ընկնում մարմնավաճառի վրա: Վերջինս, իհարկե, դեռ փորձում է մի բան գլուխ հանել, դեռ մի բան էլ դեռ պոկել, նամանավանդ, որ իմ առաջարկը հետաքրքրեց իրեն, իսկ ծերուկը անընդհատ մեջ է ընկնում…Առա՜նց փող, է ասում, առանց փող, դո՞ւ, մարմնավաճառ է, ծերո՛ւկ: Մի կողմ անցիր, թող ես խոսեմ. համաձայնվիր դու, կավելացնեմ, ասում եմ մարմնավաճառին, իսկ նա բերանն է ծռում, ինչի՞ն կավելացնես, ասում է, ոչնչին ինչ էլ ավելացնես քիչ է հարգելիս, ինչ-որ մեկի նախկին հարստությունն ու ցոփ ու շվայտ կյանքը ինձ չի հետաքրքրում, իսկ զառամյալներից դեռ կրկնակի եմ վերցնում, սրան նայեք, դոնժուանություն է անում, եթե հիմա այստեղից չհեռանաք, ասում է նա, ոստիկանները կգան…Ինձ քիչ է մնացել, որ համոզեմ մարմնավաճառին. ասում եմ, որ ուշ է, և եթե ոստիկանները գան, ավելի շատ նա կտուժի, այս անգամ այսքանով, ասում եմ ու ցույց տալիս նրան գրպանիս պարունակությունը…Ծերուկը արդեն ջղայնացնում է. առանց փող է ուզում, ինքը սովոր չէ այդպես, իսկ լեդիները, ի դեմս բարեզգաց մարմնավաճառուհու, չպետք է իրենց թույլ տան փող պահանջել իր նման տղամարդու հետ հաճելի ժամանակ անցկացնելու համար, ասում է մեր հարբած ծերուկը, գլխարկը հանում է ու գլուխը խոնարհում նրան, քիչ էր մնում դեռ ձեռքը համբուրեր ի նշան վերին հարգանքի, խելառը…Դէ ես գրպաններս հետ եմ տանում, իր գործն է, ոնց կցանկանա, թող չարչարվի. չէ-որ սա, փողոցային այդ թափթվածը քեզ չի նայում ծերուկ, սրան է նայում՝ փողին: Դէ ինչքան ուզում ես քարշ գնա հետևից, հետդ ոչ մի տեղ չի գալու…Չէ, ծերուկը իսկապես արդեն ջղայնացնում է: Բայց ուշ է: Ոստիկանները եկան:»

3.
«Ինձ բերել են այստեղ: Ով գիտի ի՜նչ գարշելի տպավորություն եմ թողել իմ պահվածքով: Ես՝ ճաղերի հետևում: Ի՜նչ ցուրտ է այստեղ, արևն էլ դեռ չի երևում: Եվ պետք է սպասել դեռ մինչև օրը բացվի…Ես պարզապես առաջարկեցի նրան մեկ բաժակ վիսկի..Իսկ նա հրաժարվեց: Գինի: Իսկ նա հրաժարվեց: Գուցե գարեջո՞ւր, օրիորդ, թեթև՛…Զարմանալի կլինի, եթե դուք հրաժարվեք նաև գարեջրից: Ոչ այնքան անցյալում, ասեմ ձեզ, ձեզ պես բերետես օրիորդները գիշերային ակումբներում նախընտրում էին վայելել միայն վիսկի, երբեմն գինի, իսկ գարեջուր, օ՜, ո՛չ, և ինչ եմ ես այժմ մտածում, գուցե ժամանակները շա՞տ են փոխվել. գարեջո՞ւր, օրիո՛րդ: Դուք կարող եք ինձ հիմար համարել, բայց ես այս ակումբ եկել եմ ձեզ հանդիպելու սպասումով, ուստի, թույլ տվեք ներկայացնել Ձեզ ձեր կողքի բարձրաճիթ աթոռ զբաղեցրած և ձեզ հետ ծանոթանալ ցանկացող տղամարդուն…Ինչևէ, ես կարող եմ լինել ձեր ուղեկիցը այս գիշեր, թույլ տվեք հարցնել Ձեր անունը, օրիորդ…Այդ դեպքում, մմմ, ես նույնպես կլռեմ: Ես սպասում էի, որ դուք այստեղ կլինեք. կարծում եք ուշացել ե՞մ…Մեկնում ե՞ք: Բառմե՛ն, և՛ վիսկի, և՛ գինի. իմ բաժակը դատարկ չթողնեք. խնջույքը շարունակվո՜ւմ է…Սա չէ, ուրեմն մյուսն է ինձ սպասում: Ներողությո՜ւն, օրիո՛րդ, ես Ձեզ ծանոթ չե՞մ, իսկ Ձե՞զ, իսկ Ձե՞զ, տիկին..Դուք ինձ կճանաչեք, ես բժիշկ եմ…նախկին…այստեղ հաճախ եմ լինում, և միշտ ցանկացել եմ ձեզ հետ ծանոթանալ, տեսնում եք՝ վիսկին հրաշքներ է գործում, գուցե՞…
Ծերո՜ւկ…Ես՝ ճաղերի հետևում: Եվ ինչպե՞ս եմ այստեղ հայտնվել: Ինչքա՜ն կզվարճանա մաթեմաթիկոսը, երբ իմանա, թե որտեղ եմ անցկացրել այս գիշերը: Եվ ես նրան դեռ պետք է կյանք սովորեցնեմ: Կզվարճանա, գիտե՛մ: Ե՞րբ է արևը դուրս գալու: Ե՞րբ է օրը բացվելու: Ցուրտ է այստեղ…»

4.
«Խեղճ ծերուկ: Դողում է…Դեռ քիչ է այն, որ մարմնավաճառի հետ գիշերային իր արկածից ոչինչ չի հիշում, ամբողջ մարմնով էլ դողում է: Հիվանդացել է կալանավայրում և հիմա բարձր ջերմության տակ այստեղ այնտեղ է շրջում: Ես էլի գտա նրան. այս անգամ պուրակում՝ միայնակ նստած նստարանի վրա: Շատ չեմ հարձակվում նրա վրա. մի փոքր խղճում եմ: Նա չի խոսում, գլուխը կախել է և սպասում է, որ ես խոսեմ: Չէի կարող չհանդիմանեի նրան երեկվա իր անմտությունների համար, բայց հետո հասկացա, որ դա գուցե ալկոհոլն էր, գուցե իր ներաշխարհը, գուցե մաթեմաթիկական իմ փոխարկությունները… Նա լսում է, իսկ ես լուսաբանում եմ ամբողջ 1-երի իմ տեսությունը:
Ինչն եմ սխալ արել իմ կյանքում, ասում է նա..Ծերուկը տխուր է, ընկճված. կարծես հանգիստ, բայց ես կասեի խեղճ և հուսահատ է, դրանից էլ անշարժացել է: Եվ հիմա փորձում է հավաքել իրար գլխի իր կյանքի վերջին մնացորդները՝ այդպիսով կազմելով ինչ-որ մի ամբողջություն: Մեկ լրիվ ամբողջականություն կարող են համարվել ոչ միայն հանճարները, թագավորները, երջանիկ սիրահարները, հանրահայտ դերասանները, մեծահարուստ գործարարները, բարերարները, կամ պարզապես ոչնչիջ չդժգոհող այն բախտավորները, ովքեր գտել են իրենց տեղը և անելիքը այս աշխարհում. իհարկե, ոչ՛, ամեն ինչի կարելի է դիտել որպես մի ամբողջականության՝ փոքրացնելով այն պահանջվող չափսի, ինչպես ասենք, խոշորացույցով օրգանիզմի մեջ գտնում ենք օրգանը, օրգանի մեջ բջիիջների հյուսվածքը, հյուսվածքի մեջ բջիջներին, վերջում՝ միաբջիջներին: Այս դեպքում, կարևորը, որ ինքդ գտնես քո ամբողջականության սահմանները և զգաս քեզ մեկ ամբողջություն՝ կլինես ամեոբա, բազմաբջիջ հյուսվածք, թաղանթ, օրգան, օրգանիզմ, թե բանական մարդ, հանճար…Եվ ի՞նչ է մտորում ծերուկը. չի կարողանում իմի բերել իր կյանքը, հոգևոր ներդաշնակություն հաստատել իր աշխարհում, գտնել հոգու և մտքի ստատիկ հանգստությունը, հասնել ինքնաբավարարվածության զգացումի: Փորձում է գոնե հասկանալ, թե ինչն է այժմ խանգարում իրեն ամբողջանալ և դառնալ մի ամեոբա: Թերևս այն է խանգարում, որ ինքը ամեոբա չէ. այսինքն պետք է գտնի իր մնացած կեսը: Այսինքն դեռ փնտրում է, և չգիտի թե ինչ թե գտել, այսինքն դեռ 1 չէ: Չէ որ, ծերուկ, կան բանաձևեր, կան մշակված լուծումներ, կան վիճակագրական տվյալներ…Տեսնում ե՞ս, դու այժմ մոլորված ես: Դու ինքդ պետք է լինեիր մի փոքր մաթեմաթիկոս: Եվ դու ինքդ գիտես, որ կարո՛ղ էիր լինեիր: Սակայն ուշ է, և ահա, հիմա, տեսնում ես, քեզ մնում է միայն հետևել իմ խոսքերին…Ականջդ շան պես կախել ես ու լսում ես, ինչ եմ խոսում, այսպե՛ս…Քո փոխարեն տանից դուրս չէի գա այս վիճակիդ. համոզված եմ՝ տուն հասնելուն պես անկողին ես ընկնելու…Հիմա ուշադիր, տե՛ս ձևափոխել եմ բանաձևը. ահա՛. 1+1=|1|: Նայիր, ծերո՛ւկ, Լիարժեք 1-ը՝ |1|-ը, դա երբ հաշտվում ես ինքդ քեզ հետ: Տե՛ս, 1եր կարող են լինել N քանակի, քանի դեռ դրանք լիարժեք չեն: Ահա՛, 1+1+1+1+1+1+..n x 1=|1|, |1| -ը դա N թվով գումարելի 1-երի ամբողջական արժեքն է, նույնն է, որ N թվով գումարելի 1-երի իրական արժեքը, ինքնարժեքը, ինքնաճանաչումը, ինքնագիտակցումը: Բացարձակ ճշտություն կարելի է համարել 1=|1| հավասարությունը: Այսինքն, դա նշանակում է, որ դու ինքդ կարողանում ես և ճանաչում ես քեզ, գիտակցում ես քո եղելությունը, գտել ես քո ամբողջականությունը և համերաշխ ես ինքդ քեզ հետ, և որքան մեծ է N թիվը, այդքան դժվար է գործնականում գտնել N թվով գումարելի 1-երի ամբողջական արժեքը: Տեսնո՞ւմ ես « |…| » նշանը, դա n թվով գումարելի 1-երի վերջնական դադարն է, հանգիստը. նրանք փակում են 1-երի ճանապարհները և նրանք մնալով իրենք իրենց հետ, ճանաչում և հաշտվում են իրենք իրենց հետ: Դա այն տարածքն է, որտեղից ելք չկա…»
4.
«Հիմա հասկանում եմ, որ շատախոս մաթեմաթիկոսից անտանելի զրուցակից չկա աշխարհում: Լռում եմ. նա է խոսում: Գլուխս ուռել է նրա անվերջ կրկնվող 1-երից…Չեմ հասկանում, չեմ ուզում հասկանալ, թե որ 1-ից է սկսում և որ մեկով է ավարտում: Գլուխը լցրել է հազար ու մի փոխարկումներով, և դեռ վա՛տ է, շա՜տ վատ է, որ գոհ է մնում իր հետազոտություններից. հրճվում է տականքը, գիտե՛մ…Մի քանի օր շարունակ անկողնուս մեջ պառկած էի տանջվում բարձր ջերմությունից, իսկ երբ վերջապես տանից դուրս եկա պուրակում շրջելու…էլի նա. քամու հետ գալիս է ու աղմուկի պես լցվում գլխիս մեջ:
Ինչպե՞ս տեղավորեմ նրան իմ մեջ. անհնա՛ր է: Ատում եմ նրա թվերը՝ նրա 1-երը…Իմ փոխարեն նա է պուրակով ման գալիս. նա է վայելում գարնան թարմ շունչը, ահա՛…Իսկ երբ ջերմությամբ պառկած եմ, չկա՛ նա: Չկա անիծվածը…ընկեր կոչվածը: Գիտե՜մ. նա շարունակ շրջում է պուրակով և շախմատի նոր խաղընկեր փնտրում: Նա նույնիսկ չի ցանկանում հաղթել ինձ այլևս. ես նրա համար արժանի հակառակորդ չեմ, կարծում է…Կարծում է՝ արդեն հաղթել է. իմ ապրած ամբոողջ կյանքը ոչինչ չարժե, ես պարզապես մի ծերուկ եմ, կարծում է. և ի՜նչ՝ ցանկանա՞լ ինձ հաղթել՝ պարտվելով այն մտքին, որ դեռ իրեն չի հաջողվել մատ անել իմ թագավորին:
Իրեն թագավոր է զգում. խոսում է, անընդհատ խոսում է ականջիս տակ…Գլուխս տրաքում է նրա կրկնվող բանաձևերից, իսկ նա դեռ նորն է փնտրում: Նոր խաղընկե՛ է փնտրում անիծվածը. և ո՞վ է իրեն շախմատ խաղալ առաջարկել: Ի՛նքն է ուզում ինչ-որ մեկին ինչ-որ մի բան տալ, ցնդածը՛…
Եվ ինչո՞ւ չի պոկվում ինձանից…Լա՜վ գիտի, որ ի վիճակի չեմ ինքնակամ ազատել ինձ նրա հետապնդումից. գուշակել է կարծես անիծվածը և հիմա էլ նստել է շնչիս:
Հրճվո՜ւմ է՝ ինձ խեղճացած տեսնելով, և սպասում է, որ անկաշկանդորեն ցույց տամ իրեն իմ տկարությունը, ընդունեմ նրա գերազանցությունը. ուզում է տեսնել իմ վերջնական կործանումը: Ես ցույց կտամ նրան իմ կամքի ուժը…Դեռ սպասի՜. կգնտեմ քեզ որտեղ էլ որ լինես, հազարավոր մարդկանց մեջ՝ քաղաքի ամենամարդաշատ հատվածում ցույց կտամ, որ ես ապրել եմ իմ կամքով և իմ կամքով էլ կմեռնեմ: Ա՜յ այդպե՛ս:
Ես ուզում եմ հանգստություն…Ուզում եմ ազատվել նրա հետապնդումից, ուզում եմ անխռով շրջել պուրակում և ինձ ազատել հետևիցս ընկած այդ զույգ աչքերից, այդ 1-երի հարձակումից, բարձրախոս շատախոսություններից: Ուզում եմ չզգամ իմ ծերությունը: Ո՜ւմ է պետք այս ծերությունը, այս խեղճությունը: Ուզում եմ դուրս գալ շրջելու և ուղեղս լցված լինի միայն դատարկությամբ. ինձ անհրաժեշտ է իմ հարատև հանգստությունը. ինձ անհրաժեշտ է իմ հաղթանակը՛…»

5.
« Ի՞նչ է անցել նրա մտքով… Գրպանում փորձում էր թաքցնել…Ատրճանակը որտեղի՞ց նրան, ի՞նչ կա մտքին…Ատամները կրճտացնելով փորձում է փախչել ինձանից. բայց ո՜ւր պետք է ինձանից փախչես. քո միակ ընկերը ես եմ…Հա՜, հա՜, հա՜: Կարծում եմ դեռ լիովին չի ապաքինվել ցուրտ կալանավայրում այն գիշերը անցկացնելուց հետո: Ինչքա՜ն է խեղճացել իմ ծերուկը: Այ թե գուշակած լիներ ժամանակին, որ այսպես խեղճանալու է մի օր, երևի թե չէր հրաժարվի իր նախնական կրթությունից և կընտրեր հենց կիբեռնետիկան որպես մասնագիտություն, ոչ թե բժշկությունը: Դէ՛, վայելի՛ր: Ատամի տակ ոսկոր է ընկել, չի կարողանում ջարդի ու շան պես խեղճացել է. հիմա էլ ուզում է փախնել ինձանից: Փոխանակ լսի ինձ և փորձի ինձ հետ միասին վերլուծել իմ ստացած բանաձևը, ընկեր է կոչվում, երբ խոսում էր, իր կարծիքով ես պետք է լսեի ու հետևեի իրեն, իսկ հիմա, ու՞ր է, չկա՛, խուսափում է իմ զրույցներից…
Ես գիտեմ նրա գաղտնիքը…Նա խուսափում է ինձանից, որովհետև ես մաթեմաթիկոս եմ, նա խուսափում է իր երիտասարդությունից: Նա ուզում է հանգիստ իր ավարտին հասցնել իր ապրած կյանքը, բայց դա իրեն չի հաջողվի, օ ո՛չ, չի ստացվի, նրան չի հաջողվի ազատվել իր անցյալից, նրան չի հաջողվի ինքն իրեն հանգստացնել. մինչև կյանքի վերջ պետք է տանջվի իր սխալ որոշումների համար. և դեռ ինչքան ժամանակ է արդեն փորձում էր ինձ համոզել, որ սա է կյանքը, սա այսպես է, դա այնպես է, և նա հանգիստ է…Ո՛չ, ծերո՛ւկ: Հիմա պարզ է, որ երկար տարիներ փորձել ես մեկուսանալով համոզել ինքդ քեզ, որ ամեն ինչ ընթացել է այնպես, ինչպես դու ես ցանկացել, որ ուրիշ ճանապարհ չկար, և իբր ,սա է կյանքը, ասում էր նա…թշվա՜ռ: Չի փորձում հանդուրժել իմ ներկայությունը այլևս. դա նրա ուժերից վեր է, թուլամո՛րթ: Չի համակերպվում այն մտքի հետ, որ թույլ է և թույլ է եղել է…Ես գիտեմ նրա գաղտնիքը: Վերընտրեց իր մասնագիտությունը՝ որպեսզի հեռվանա իր սիրած կնոջից, որպեսզի չպայքարի իր երջանկության համար, և ամբողջ կյանքում ապրեց միայնակ ու մեկուսացված. ամբողջ կյանքը հազար ու մի կանանց և հաճույքների հետևից ընկնելով՝ փորձեց խզբզել իր իրական պատկերը, փորձեց ձևանալ անհոգ և հպարտ, նաև անպարտ: Երբ ծերացավ, երբ բոլորովին միայնակ մնաց, երբ երեսին նայող չեղավ այլևս, ինքնաբերաբար գտավ ինձ, և փորձեց ինձ համոզել, չէ՛, ինքն իրեն համոզել, որ իր կյանքը զուր չի ապրել..Եվ այնպե՜ս էր խոսում. դատարկ բաներ էր խոսում, և ավելին, խոսում էր այն ծերունու նման, ում փոխարեն կցանկանար իրեն պատկերացնել…Եվ հիմա, երբ զգում է իր թուլամորթությունը և անկումը, չի համակերպվում. իմ ներկայությունը նրան հանգիստ չի տալիս. ես դարձել եմ նրա թույլ տեղը…
Եվ ինչի՞ն է պետք այս ատրճանակը: Տեսնես՝ որտեղից սրան:
Ախ դու ծերո՜ւկ: Մի՞թե որոշե՞լ ես վերջ տալ ինձ…
Ես կգտնե՛մ քեզ: Ու՞ր ես, ծերուկ…Այս ժամերին դու պետք է որ լինես պուրակում: Ու՞ր ես: Մի՞թե չես համարձակվում: Քեզ մենամարտի կոչ եմ հայտարարում: Ծերո՜ւկ…Հա՜, հա՜, հա՜…Ես կգտնե՜մ քեզ: Ես կգտնե՛մ քեզ, թշվա՛ռ: Քեզ համար ամեն ինչ վերջացել է դեռ շատ վաղուց: Ո՞ւր ես, լիցաքավորիր ատրճանակը և դուրս եկ թաքստոցից…Երկչո՛տ, գիտեմ խառնվել ես մարդկանց ամբոխին, որպեսզի մարդկանց մեջ ինձ չնկատես: Երկչո՛տ, ես քեզ կգտնեմ ցանկացած ամբոխի մեջ…»

5.
«Ոստիկանը…Ոստիկանը ինչո՞ւ հայտնվեց իմ ճանապարհին: Նույնիսկ չէի հասցրել փամփուշտավորել ատրճանակը, իսկ նա կարծեց, թե կրակում եմ…Անիծյալ մաթեմաթիկոս, ինչու օդում թափ տվեցիր ձեռքիդ ատրճանակը. դու որտեղի՞ց հայտվնեցիր, ատում եմ քեզ, թշնամիս, դու մինչև հիմա կարծում ես, թե ես թուլամորթ եմ.. Ամեն ինչ խառնվեց իրար, ախ եթե ունենաի մեկ փամփուշտ ատրճանակի մեջ, չէի թողնի, որ ոստիկանը կրակեր ինձ վրա, ես ցույց կտայի քեզ իմ մեծությունը, իմ կամքի ուժը, ցույց կտայի, որ այդ ե՛ս, ե՛ս չեմ ցանկանում քեզ նմանի հետ վիճել, որ այնքան հանգիստ եմ, որ համերաշխ եմ նաև իմ մահի հետ…Ա՜խ, այդ ոստիկանը, ամեն ինչ ջուրը քցեց…
Մարդի՛կ, մարդի՛կ, սա… սրան ուշադրություն մի դարձրեք, սա ինձ համար է, փամփուշտ չկա, ոստիկան, փամփուշտ չկա, գնա այստեղից, սպասիր ինձ պուրակում, անիծված, պահիր ատրճանակդ, անխիղճ…
Ես չէի ուզում, որ այդ անիծյալ մաթեմաթիկոսը հասցներ կրակեր ինձ վրա, ինքս պետք է այդ անեի, ինքը՜ս…
Ինչպե՞ս համակերպվեմ հիմա մահանալու մտքի հետ, երբ ուզում էի մեռնել…
Ցուրտ է: Ցուրտ է: Այս հիվանդասենյակը ոչնչով չի տարբերվում կալանավայրից: Սառն եմ: Սառն եմ…
Ինձ հանգիստ է պետք, հանգի՜ստ…Էլ չեմ տեսնելու այդ անիծվածին: Ընկեր էր կոչվում, էլ չտեսնեմ նրան…խեղդվում եմ: Ամեն ինչ դատարկվում է. ես հանգիստ եմ ուզում. չեմ ուզում տեսնել նրան…Դու չկա՜ս, դու այստեղ չե՛ս, անհնար է. ատում եմ հայելիները, ատում եմ քեզ, մաթեմաթիկո՜ս…Չքվի՛ր աչքիցս, աղերսում եմ, ինձ հնգի՜ստ թող, չնայես ինձ, չնայե՜ք ինձ մաթեմաթիկոսնե՜ր…Ատո՜ւմ եմ հայելիները…»

6.
«Դո՞ւ: Բժի՞շկ. այստե՞ղ: Չեմ հասկանում…Ի՜նչ ծեր եմ ես…
Ցուրտ է…
1,1,1 ևս մեկ 1…ընկե՜ր, բարեկամ, հասկանում ե՞ս, գնալու տեղ չկա. հայելիները տեսնում ես. տեսնում ե՞ս մեզ…Այս ծերուկը մենք ենք, այս |1|-ը մենք ենք,
մենք իրար հետ մեկ ենք, իմ ընկե՜ր, 1՛, մի՛ ամբողջություն: Թշվա՜ռ իմ…
Ցուրտ է:»

11.03.2009

Լիրբ

Հիշում եմ,
Երբ կարդում էի «Երևան»-ը,
Չարենցը Երևանի բերանով
Լուսնին կոչում էր լիրբ…
Լի՜րբ լուսին….

Հիշում եմ,
Երբ մի անգամ
Թլվատ խոսքս գետնին ընկավ,
Թույլ տվեցի քեզ անվանել «լուսին»՝
Լրբացա՛ծ, սակայն…

Սակայն, երբ կանգնում եմ մեկուսի
Դեմ հանդիման իմ դեմքի դեմ,
Ես տեսնում եմ մեզ երկուսիս
Միասին լի՜րբ լուսնի դեմ…

Իմ ձեռքերը այդ լիրբ լուսնին
Ցույց են տալիս տաս մատներս…
Լուսինը ինձ ցույց է հանում
Քիթը՝ գծված,
Ա՜լ այտերը՝ ընդգծված,
Կողքի թեքած աչքերն հանկարծ
Հուշում են ինձ
Քո՝ իմ կողքին գտնվելը,
Քեզ՝ իմ կյանքից կտրվելը…
Մեզ՝ մեր կամքից փրկվելը…

Հիշում եմ…
Հիշում եմ քեզ, ի՛մ լուսին…
Դու հուշում ես,
Որ հեռո՛ւ է ինձանից իմ
Երևանը…
Դու լի՜րբ ես:

12.29.2008

Ուզում եմ քեզ մոտ
Լուռ գիշերը գա…
Այս գիշե՜րը գա:
Ուզում եմ ե՛ս գամ…

Ուզում եմ քեզ մոտ
Արևս մթնի,
Շոգից ու տապից
Քեզ մոտ հով գտնի..

Քեզ մոտ թաքնվի…
Թաք մի խուց գտնի,
Շող ու շաղ ցրած՝
Քեզ մոտ քուն մտնի…

(Աստղը երկնքում՝
Լուսին, թե արև..
Նոր օր է կնքում,
Նոր կյանք է կնքում…)

Ուզում եմ գամ
Քո ցերեկը բա՜ց՝
Կապույտ ու զնգուն
Ծիծաղով հարբած…

Ուզում եմ քեզ մոտ..
Ուզում եմ գիշեր՝
Մեկ քե՛զ մոտ, մեկ՝ ի՜նձ…
Չգիտեմ ինչե՜ր՝
Արև՛ ու ծիծա՜ղ…

Չգիտեմ ՝ ինչ է.
Թող մե՛զ մոտ լինի…

12.27.08

Պա՜հ: Այսպես են խաչել Քրիստոսին, գիտե՛մ:
Այսպե՜ս են հանել վաճառքի հոգին:
Այսպես հանում են ու գումարում,
Այսպես սիրում է սիրտը ու մարում…

Պա՜հ: Այսպես են կանչել. «Տե՜ր Աստված, հասի՜ր»:
Այսպես կառչել են ու ժայռացել,
Այսպես հառաչել են ու զայրացել
Ու խոժոռվել…
Ու մեռե՛լ…

Իսկ ե՞ս,
Որ օրենքից եմ դուրս, չգիտե՛մ.
Ես սպասում եմ քեզ.
Ես սիրում եմ քեզ սպասել:
Ես ուզում եմ ապրել,
Ո՛չ թե մեռնել…
Ուստի ամեն օրենքից էլ
Դո՛ւրս եմ ես…
Սպասո՜ւմ եմ քեզ:

12.22.2008

Older Posts »