-Երկար բարակ կենաց չեմ սիրում
Պարզապես ,տղա՛ս, եղի՛ր երջանիկ,-
Ասաց թամադան ու ավելացրեց
-Քեզ հաջողություն…
-Եվ սե՛ր ու բարի՜ք…
-Եվ անամպ երկի՜նք…
-Եվ՜… առողջությո՜ւն,- կողքից ձայնեցին:
-Է՜հ… – ավելացրեց հայրս խուլ ձայնով
Ու պարպեց օղով լի թասը իր ձեռքի:
……………………………………………………..
Օրերն անցնում են հաջողությամբ լի
Եվ հղիացած անհաջողությամբ:
Մի օր սիրում եմ. դառնում եմ բարի,
Մյուս օրը որթնած մրգի պես դառն եմ,
Թե ցամաքում է իմ սիրո այգին…
Ի՜նչ արած, սպասում եմ արևածագին.
Ու լցվում եմ ես նոր սպասումներով.
Առողջությունս դարձնում եմ փեշակ
Ու մտորում եմ՝ ի՜նչն էր քիչ, և թե ինչն էր շա՜տ…
Ի՞նչ են ուրիշին մարդիկ կամենում ամենից հաճախ
Եվ ի՜նչ են տալիս դրա հետ մեկտեղ
Անծանոթ մեկին:
Է՜հ…կենացները մեզ համար չեն, հա՛յր,
Կյանքն էլ ապրելու համար է տրված.
Կա՛նք,ի՜նչ արած, կապրենք և… դժբախտ,
Կա՜նք…և ,ինչ խոսք, գուցե չսիրվենք այնպես,
Ինչպես մեր սիրտն է թպրտում անխախտ…
Կա՛մք ենք ինքներս,
Սակայն և գիտենք՝
Կա նաև պարտվել.
Մենք մեզ չենք կարծում Դավի՛թ մի անհա՜ղթ.
Մեր միտքը նաև
Մթագնել է անա՛մպ երկնքում…
Առողջությունն էլ միայն մաղթում են.
Այն մենք չենք զգում.
(Լուռ կանխազգում ենք՝ ինչպես են գաղթում
Նպատակները դրա հետ մեկտեղ):
Է՜հ…
Խոսքդ անմա՛հ է ,հա՛յ մեծ բանաստեղծ…
Նման կենացներ մեզ համար չեն բայց.
Ինչքա՜ն էլ մաղթեն, մնում է մի բաց…
Իսկ հայրս, օղով լի թասը իր ձեռքին,
Անկեղծ ձայնում է.
-Է՜հ…,-
Ու լրացնում ամեն բաց ու իղձ…
