Հիվանդասենյակում երկու բուժքույր խնամքով քանդում են հիվանդի վիրակապերը: Նրանք նրան նախապատրաստում են բարդ վիրահատության: Հիվանդը գունատ դեմք ունի. այդ տեսնելով՝ բուժքույրները ջանում են գոտեպնդել նրան՝ մեջբերելով, որ վիրաբույժ Արտյոմ Ատոմիչը հինվանդանոցի ամենափորձառու մասնագետն է, և որ նրա կյանքին վտանգավոր ոչինչ չի սպառվում. ամեն ինչ բարեհաջող կավարտվի իր համար: Այդ ժամանակ միջանցքում ձայներ են լսվում. Արտյոմ Ատոմիչին հիվանդասենյակի դռան մոտ դիմավորում են հիվանդի հարազատները: Նրան ուղղված բազմաթիվ խառը խնդրանքներից և հարցերից կարողանալով մի քանի հանգստացնող խոստումով ազատվելով՝ նա մտնում է հիվանդասենյակ: Բուժքույրները տեղեկացնում են նրան հիվանդի կարգավիճակը, և նա հայտարարում է, որ տաս րոպեից նա կմոտենա վիրահատության սեղանին. թող իրեն այնտեղ սպասեն: Դրսում նորից լսվում են հիվանդի հարազատների ձայները. քիչ հետո Արտյոմ Ատոմիչը իր տեղում է: Բարդ վիրահատություն է սպասվում, և նա, նստած իր սեղանի դիմաց, փորձում է կենտրոնանալ վիրահատության վրա: Քիչ հետո, պատշգամբում կանգնած, ծխի միջից հայացքը գցում է դիմացի բակում խաղացող երեխաների վրա և քարանում: Միայն երբ վերջանում է ծխախոտը, հայացքը հափշտապ նետում է պատի ժամացույցի վրա և տեսնելով, որ արդեն ուշանում է, շտապում է վիրահատարան:
Վիրահատությունը, ինչպես սպասվում էր, երկար է տևում: Բուժքույրները գոհ ու հպարտ հայացքով Արտյոմ Ատոմիչին ուղեկցում են վիրահատարանից դուրս: Նրանք միայն լավ արդյունքեր են սպասում վիրահատությունից. չնայած դրա բարդությանը, փորձառու վիրաբույժին այս անգամ էլ հաջողվեց պատվով կատարել իր աշխատանքը: Միջանցքում նորից լսվում են հիվանդի հարազատների ձայները, և նա քիչ անց նորից իր տեղում է:
Օրվա մեջ դա արդեն իր երկրորդ կատարած վիրահատությունն էր: Պաշտգամբ դուրս գալով՝ նա վառում է հերթական ծխախոտը. դրսում գրեթե մութ է արդեն, և նա չի կարողանում գտնել բակում խաղացող երեխաներին: Այս անգամ ծխախոտը կիսատ է թողնում. չգիտի հայացքը որ ուղղությամբ հառի: Երբ մոտենում է իր սեղանին, քարտուղարուհին տեղեկացնում է, որ նոր հիվանդ են մուտքագրել հիվանդանոց, և հիվանդի հարազատները այցի թույլտվություն են խնդրում:
Ներս մտնող հարազատները իր տարիքի ամուսիններ են: Հիվանդը նրանց որդին է: Արտյոմ Ատոմիչը փորձում է հանգստացնել նրանց, սակայն չափազանց դժվար է դա. մայրը և հայրը լացակումած ասում են, որ իրենց որդուն Արտյոմ Ատոմիչի մոտ են բերել վերջին հույսով, որ միայն նա կարող է փրկել իրենց տասչորսամյա որդուն: Իրոք, անհապաղ պետք է վիրահատությունը կատարել, այլապես ուշացման դեպքում վիրահատական միջամտումը գուցե անօգուտ լինի: Սակայն ծնողներին անհնար է այժմ հանգստացնել. ժամանակից շուտ փորձառու Արտյոմ Ատոմիչը խոստումներ չի տալիս իր սովորության համաձայն. դրանք ավելորդ է համարում, ուստի պետք է սպասել, մինչև որ նրանք ինքնաբերաբար հանգստանան, իսկ անմիջապես մյուս օրը առավոտյան կկատարի վիրահատությունը, տեղեկացնում է նա նրանց: Նա միայն կարողանում է ավելացնել, որ դեռ ոչինչ անհույս չէ, և ցանկացած վիրահատությունից առաջ պետք է սպասել միայն լավին: Ծնողների աչքերին հույսի շողեր են երևում, սակայն արտասուքը չի դադարում. Արտյոմ Ատոմիչը նրանց արցունքով ողողված աչքերի մեջ տեսնում է իր արտացոլանքը: Ծնողները երախտիքի խոսքեր չեն կարողանում գտնել. միայն շնորհակալության մի քանի ծվեն: Քիչ անց Արտյոմ Ատոմիչը նորից մնում է միայնակ իր սենյակում: Ուզում է այդպես միայնակ մնալ, սակայն ուշ է արդեն:
Հիմա արդեն հիվանդանոցի բակում՝ ականջին են հասնում դիմացի բակում առավոտից մինչև երեկո իրենց խաղը շարունակող երեխաների ձայները: Պետք է գնալ տուն. ուշ է, և նա մոտենում է իր մեքենային:
Հյուծված է. դա միայն տուն մտնելիս է զգում: Այսօր նույնպես կնոջ աչքերը կարմրած են. մուտքի մոտից անմիջապես քայլերը ուղղում է որդու սենյակ: Անշարժ պառկած է. աչքերը կիսագոց, ձեռքերը վերմակի վրա դրած, դեմքը՝ գրեթե անգույն: Միակ երևույթը, որ հավաստում էր նրա կենդանի լինելը, դա քթի տակ անհասկանալի բառերի կմկմոցն էր: Որդու համար փրկություն չկա, և ոչ մի վիրահատություն այլևս չի կարող փրկել նրան: Հիվանդի հայրը նստում է մահճակալի կողքին դրված բազմոցին և ափերի մեջ է վերցնում որդու թուլացած ձեռքը: Քիչ հետո նա արդեն քնած է:
14.03.2009
