Տեսադաշտը բաց է: Ահա հաստաբուն բաոբաբի տակ ահռելի թաթերը ծալած ծանրացած մարմինը ծառի հովին է տվել կենդանական աշխարհի այս հրաշքը: Մեկ չեմ համբերում, ուզում եմ միանգամից նշան բռնել ու կրակել, բայց վախն հիմա այնքան անարատ և վեհ է իմ մեջ, որ ինձ դուր է գալիս դրան ենթարկվելը, և հետո, դեռ երբեք այսպիսի մոտ հեռավորության վրա չեմ տեսել այս հրաշալի գազանին, և երբ երկուսս էլ ազատ ենք, կարող ենք անել, ինչ ցանկանում ենք: Գլուխը առաջ է երկարացնում, միառժամանակ բարձրացնելով հետևի թաթերը, և նրա բաշը ոսկեզօծվում է արևի ճառագայթներից: Ջանում եմ ինչքան հնարավոր է աննկատ և անշարժ լինել, սակայն իմ մեջ զգում եմ նրան նույնպես տեսանելի լինելու թաքուն ցանկություն: «Նա ինձ տեսնում է և չի հարձակվում. ի՜նչ բախտավոր եմ ես»: Ես կարող եմ կրակել. բայց դեռ ո՜չ: Հետզհետե ինձ այն զգացումն է սկսում պաշարել, որ այդ գազանը հենց ես եմ: Իսկ հասկանում եմ և վատ զգում այն մտքից, որ իրականում ես ավելի վտանգավոր և անխիղճ եմ, քան այդ գիշատիչը…և դեռ, զայրացնում է ինձ այն ճշմարտությունը, որ ես, միառժամանակ շատ ավելի թույլ եմ, քան այդ գազանը՝ երբեք չփոխված, երբեք չփոխվող, երբեք չհնազադնվող, երբեք չպարտվող աննկուն արքան: Ես ինձ այնքան տկար եմ զգում, որ նույնիսկ ծարավից եմ տառապում հիմա, իսկ նա ով գիտի քանի օր է գետափին չի մոտեցել. հսկա մարմինը ձգել է շրջակայքում տեսանելի միակ ծառի ստվերի տակ և վայելում է դրա հովվությունը. համարձա՞կ ես, խախտիր նրա անդորրը: Եվ ես մտածում եմ՝ ո՞ր հատվածի վրա նշան բռնեմ՝ աչքի՞ն, սրտի՞ն, գանգի՞ն:
Երկու ահռելի չափերի հասնող անգղեր, գլուխները ներքև կախած, հսկա պտույտներ են թևում մեր գլխավերևում: Ուրիշ ո՜չ մի ականատես: «Մեկ կրակոց, և վե՛րջ»: Այդպե՛ս պետք է լինի, այլապես անհնար կլինի փրկվել վիրավոր գազանի հարձակումից: Մինչդեռ նա անշարժ է. վայելում է իր հանգիստը վայելելու իրավունքը, իսկ ես ծարավ եմ, և ոչ մի ծառ չկա գլխավերևս՝ պաշտպանելու ինձ արևի հարձակումից. անհնար է սպանել արևին, սակայն և նույնքան անհնար և աններելի կլինի խախտել այդ ինքնավստահությունը, որն իրե՛նն է հենց, որը ոչ մեկ չի տվել իրեն, որը ոչ մեկից նա չի վերցրել. դա իրե՛նն է, և նա դրանով անմահ է: Սակայն…«Ես որսո՛րդ եմ»: Ես հասկանում եմ, որ եկել եմ այստեղ նենգաբար և, հետևելով իմ՝ հազարամյակների միջով մարդու վաստակած որսորդի օրենսգրքին, բարոյապես խիղճը հաղթահարած, խլելու գազանի կյանքը. ես որսո՛րդ եմ: Բայց մարդիկ հազարամյակներ առաջ և ի վեր որսորդությամբ ստիպվա՛ծ են զբաղվել, և հետո արդեն, երբ շրջվել են քաղաքակրթության հազարավոր էջեր, որսորդությանը վերաբերվել են որպես խանդավառությամբ լի ժամանցի, իսկ ես հիմա տառապում եմ, և ակամա, այդ գազանի կյանքը ընկած է արդեն ոչ միայն ծարավը հագեցնելու, իմ մեջ ծագած վսեմ վախը ինձ ենթարկելու, ինձ արքայից արքա հռչակելու, կամ բնությանը իմ զենքի զորությունը ցույց տալու, ինքս ինձ սպանելու և դեռ անմահ մնալու ստոր ցանկությունը իրականացնելու, և վերջապես ոչ միայն այդ ծերունի ծառի թագավորությունը ինձ ենթարկելու ցանկություններին հասնելու ճանապարհին, այլ նաև այն պարզ իրականության զոհն է, որ եթե ես հիմա չսպանեմ այս գազանին և ցույց չտամ ինձ լսողներին նրա երախից հանած ժանիքները ի ապացույց իմ պատմածի, այդ մեծամիտներից, այդ կույրերից ո՛չ ոք չի հավատա այս հրաշք տեսարանին, որը հիմա իմ առջև է փռված, որը և հիմա ես վայելում եմ՝ ենթագիտակցաբար դրան ենթարկած իմ բոլոր զգայարանները. նրանք պարզապես չեն զգա գույնները…
Ինձ մնում է նշան բռնել և երկու վայրկյան պահել շնչառությունս: Սակայն ի զարմանս ինձ, հրացանին ամրացված դիտակի մեջ տեսնում եմ երկրորդ կենդանու՝ գազանի ձագին. անհաշտ ոստյուններով ու մեկումեջ գետնին թավալվելով պտտվում է նրա շուրջը, բայց այդպես էլ չի հաջողվում շեղել արքայի զգոնությունը: Հրացանը ձեռքիս մեջ թուլանում է. ուզում եմ անզեն աչքերով վայելել այդ տեսարանը: Կանգնելով չորս թաթի վրա՝ նա հարձակվում է իր տիրոջ վրա, վերջինս ատամներով բռնում է նրա մորթուց ու նետում գետնի վրա. ինչքան ազնիվ ու անարդար է նրանց խաղը: Միևնույն է՝ իրականությանը չեն հավատալու, հավատալու են՝ որպես հեքիաթի. կրակելու մասին այլևս չեմ մտածում: Անտեսելով կիզիչ արևը՝ հրճվում եմ կորյունի համառությամբ, միառժամանակ փորձում գուշակել նրա ցանկությունը: Մտածում եմ, որ հիմա էլ նա է փորձում խախտել արքայի անդորրը՝ փորձելով մատնել նրան անհանգստությանը և արևի ճառագայթներին կրակին:
Մինչ նորից ձեռքս կվերցնեմ հրացանը, որպեսզի նորից ավելի մոտիկից հետևեմ նրանց խաղին, օդում պայթում են կրակոցի ձայներ: Հրացանը ձեռքիցս վայր է ընկնում. զգում եմ. նախ ոտքս, հետո ամբողջ մարմինս սկսում է անզգայանալ:
Քիչ անց արդեն կիսաբաց աչքերով նշմարում եմ գլխիս վրա հավաքված որսորդական հագուստներով ինչ-որ օտարերկրացիների և մի կերպ գլուխս վեր բարձրացնելով՝ փորձում եմ հասկանալ, թե ինչ են նրանք խոսում: Ինչ-որ մեկը ջրի ամանը մոտեցնում է շրթերիս և թրջում գլուխս, սակայն զգում եմ, որ աստիճանաբար կորցնում եմ ինքնատիրապետումը…
Որս
April 3, 2009 by khachaturaloyan
