մաս 1- 4”’րդ մոլորակ
Հայտնվում են օտար մոլորակներից: Խլացման արգելակման և տեսողության ընդլայնման կարողության զարգացման համատեղ ուսման ժամանակ 3””” մասերից թաղանթի այն մասը ծանրացավ, որտեղ մնացածները տեսնում էին ինձ: Նրանք նայեցին այդ ուղղությամբ. հիմա այդ տարածքի շուրջ չկա ոչ մի մնացած մաս: Նրանք նույնն էին. ես տարբերվեցի: Հայտնի էր դասի ժամանակը, թեման և տեսությունը: Փորձարկումների ընթացքում թաղանթի այն հատվածը, որի ուղղությամբ ոչ մի օտար ուժ չէր ուղղվում, նորից ծանրացավ. սկսեց թրթռալ, որոշ մնացած մասերի կողմից մանրէների հոսանք ընթացավ թաղանթի այդ հատվածի ուղղությամբ:
Հայտնի է, որ ես տարբերվում եմ. անհայտ է՝ ինչպես: Խլացման արգելակման և տեսողության ընդլայնման կարողության զարգացման համատեղ ուսման ժամանակ հայտնի դարձավ, որ ինձ կամ արտաքսելու են մոլորակից կամ ոչնչացնելու, եթե չպարզվի այն թաղանթի անակնկալ ծանրացման պատճառը, որտեղ մնացած մասերից առանձնանում էի:
Անհայտ է՝ ինչու:
Դասի թեման՝ այլ մոլորակների ուսումնասիրության համար նոր ձեռք բերված սնման նյութերի հետ ծանոթացում:
Օտար մոլորակից հատնված մասերը գտնվում են հատուկ նախատեսված տարածքում: Այնտեղից վաճառականների միջոցով փոխանցվում են նմուշներ՝ դեռ անծանոթ նմուշներ: Խլացման արգելակման և տեսողության ընդլայնման կարողության զարգացման համատեղ ուսման ժամանակ դասի թեման օտար մոլորակի հետ ծանոթացումն էր, որը փոքր մասերին հնարավորություն է տալիս փորձել խորացնել թաղանթի այն տարածքը, որտեղ մնացած մասերի կողմից կա մշտական անտեսանելի հետապնդում: Մնացած մասերին ևս հայտնի էր գալակտիկայի կենտրոնական գնդի խտության մասին, նրա շարժման, նրա փոփոխությունների: Օտար մոլորակից հայտնված մասի նմուշներում նշվում էր կենտրոնական գնդի մասին: Մեր մոլորակի մասերի համար առանց թաղանթ հատվածները անշարժ պահելու անհնար է որևէ տեսանելի հաղորդակցում հաստատել այդ գնդի հետ, հետևաբար դրա հետ յուրաքանչյուր ծանոթացման փորձ համարվում է հատուկ: Հայտնի էր, որ անհայտ էր օտար մոլորակի և կենտրոնական գնդի փոխազդեցության շրջանակների սահմանները:
Միջոցը, որով շատ մոլորակների մասեր հարվում և շոշափում են միմյանց թաղանթները, տեղի է ունենում անտեսանելի մանրէների շարժման շնորհիվ, ինչպես նաև տեսանելի նյութերի միջոցով: Տեսանելի նյութը իր վրա անտեսանելի մանրէների զանգված կլանող կազմով նյութ է, որի ամբողջ պարունակությունը թարգմանվում է մեր մոլորակի մասերի համար:
Ծանոթացում թարգմանության հետ: Վերնագիրը՝ «Մանրէների առավելագույն խտացված կենտրոնացման գունդը» կամ հենց «Կենտրոնական գունդը»:
շարունակելի…
հատված 1- պատանու հուշերից
արփին
«…ինձ էլ քնից հանեցին. ո՛չ, ո՛չ, հենց իմ կարգադրանքով, և չնայած ես դեռ 8 տարեկան հազիվ լինեի, պատրաստ էի ամբողջ այդ օրը անցկացնել դաշտի մեջ իմ պապուն պատկանող հողատարածքից կարտոֆիլ հավաքելով: Առավոտ ժամը 5-ն էր: Ես դեռ ոչինչ, ինձ հետ նաև իմ փոքր եղբայրը հիմա վեր կկենա, իսկ մեծերն արդեն բոլորն արթուն են, և պապական օջախում այդ վաղ ժամի համար անսովոր եռուզեռ էր տիրում: Քիչ անց բոլորն արդեն պատրաստ սպասում են հարևանին, որպեսզի վերջինս գա և իր բեռնատար մեքենայի թափքի վրա մեզ տանի դաշտ, իսկ այնտեղ՝ դրսում, հիմա սառն է. արփին դեռ նոր-նոր բարձրանում է հորիզոնից վեր, փոքր ինչ շվարած, փոքր ինչ անպատրաստ շտապում է ժամանակի հետևից, որովհետև արդեն ժամը 6-ն է, ինչպես բղավում է մեր հարևանը, բայց կարտոֆիլի գլուխները անհնար է ջոկել ողջ հողատարածքը ծածկաց թփերի մեջ, և այդ ամենը արևի ծույլության պատճառով. մեր հարևան վարորդը, ձեռքը դրած ճակատին, դեռ շատախոսում է անկոչ հյուրի աներեսությամբ, իսկ ես և փոքրիկ եղբայրս կանչում ենք արևին դեպի մեզ մոտ և հրճվանքից ժպտալով` ձեռքերով ծածկում ենք մեր աչքերը, քանի որ անհնար է այլևս երկար ակընդետ հայացքով հետևել նրան. իմ տեսած առաջին արևածագն էր:
Կեսօրին, երբ քրտինքը հոսում էր իմ վրայից, արդեն ամենևին մոռացել էի արևածագի գեղեցկությունը, և թե ինչպես էի սպասում նրա հայտնվելուն. և՛ հոգնած էի, և՛ սոված. իսկ արևը շարունակում էր վառվել վերևում՝ հետզհետե անտանելի դարձնելով դաշտում աշխատողների դրությունը և մեկ-երկու, արդեն ձեռքիցս բաց էի թողնում կարտոֆիլով լցրած դույլերը, երբ, վերջապե՜ս, կանչեցին հաց ուտելու, բոլորս տեղավորվեցինք հողատարածքի գլխին տնկած քոլիկի ներսում. հիմա համ կպաշտպանվենք արևի կիզումից. համ կհագեցնենք սովածությունը: Բավականին աշխատանք կար, սակայն, դեռ կատարելու, և այն պետք է ավարտին հասցնեինք մինչև արևի մայր մտնելը, իսկ նա հեռանալուց այնքան ինքնակամ ու անկանխատեսելի էր, որ ժամանակն արդեն ինքն էր ընկնում նրա հետևից, և նույնիսկ մեր հարևան վարորդին հայտնի չէր, թե երբ նա կբարեհաճի ավարտել իր աշխատանքը…
Հիմա, քանի դեռ արևը չի հեռացել, մի քանի պարկ կարտոֆիլ է ընդամենը մնում թափքին բարձելու, ուստի դաշտ եկած մեքենան իր հետ տանում է հոգնատանջ աշխատավորներին. դաշտում մնում են ջրվորը և ես, ում վերջինս պետք է տեղավորեր իր սայլակին և, հայ դե, սայլակով դեպի տուն՝ վերջին մի քանի պարկն էլ բեռնատար մեքենայի թափքին բարձելուց հետո…
Ճանապարհը երկար է, իսկ ջրվորն այնքան դանդաղ է սայլակը քարշ տալիս. ինձանից բացի սայլակին կարտոֆիլի մի պարկ է դրված և ևս երկու ջրվորին պատկանող պայուսակներ: Աչքերս փակվում են, ձեռքերս թուլացած են, ինչպես և ամբողջ մարմինս. ինձ թվում է, թե չենք հասնի հեռվում երկնքում մի հրե գունդ դարձած այն արևին. ինձ թվում է, թե տուն չեմ հասնելու երբեք…Ջրվորը տարիքավոր մարդ է. մեր բարեկամներից է. ճանապարհին ոչ մի խոսք չի ելնում նրա բերանից, ուստի դժվար է կռահել, թե ինչն է զբաղեցնում նրա միտքը. մի բան պետք է որ անհրաժեշտաբար զբաղեցնի, մի շատ խորհրդավոր և ինձ դեռ անհասանելի միտք…Ինչպես միշտ, մի քանի վայրկյան հետև նայելուց հետո, գլուխս թեքում եմ առաջ. այդ հրե գունդը, որ խրվել է կապույտ խտության մեջ, գտնվում է ուղիղ ճանապարհի մեջտեղում, ուղիղ այն գծի վերևում, որն ասֆալտապատ ճանապարհը բաժանում էր երկու հավասար մասերի, և որի վրայով մենք առաջ ենք շարժվում. տուն տանող ճանապարհը. այն ուղեծրի երկայնքով, որն իր հետևից թողել է արփին…»
հատված 2-
ձայնագրություններ և գրավոր նշումներ “Հրթիռ 87″ տիեզերանավի անձնակազմի անդամների անձնական արխիվներից
«Ես, ինչպես որ անձնակազմի յուրաքանչյուր անդամը նույնպես, կարելի է ենթադրել նրանց՝ մեկը մյուսից խույս տալուց և տածած լռությունից, այժմ միայնակ եմ զգում ինձ: Թռիչքին նախապատրաստվելիս անցնում ենք, ինչպես կարգն է, նաև տիեզերքում անակնկալ իրավիճակներում հանկարծակի հայտնվելու դեպքում մեր գոյությունը պահպանելու համար հարկավոր անհրաժեշտ միջոցառումների միջով, և հիմա, երբ չենք կարող «Երկիր» վերադառնալ՝ ըստ սկզբնական օրացույցի, և այժմ, երբ մեր առաքինությունների մեջ է մտցվել ժամանակ առ ժամանակ օրինաչափորեն հնարավոր թույլատրելի հեռավորության վրա մոտենալ «Արև»-ին ՝ դրա մակերևույթի վրա առաջացած նորահայտ փոփոխությունները հետևելու և ուսումնասիրելու համար, փորձում եմ հիշել, թե երբևէ որևէ տիեզերագնացի մինչ թռիչքը տիեզերք արդյոք նախապատրաստել են՝ դիմակայելու «միայնակության զգացում» կոչված հոգեվիճակին, և եթե ոմանք, շարունակում են պնդել, որ այսպիսի աշխատանքի դեպքում դրա էությունը գիտակցելու անհրաժեշտությունը ենթադրում է նաև, որ ինքդ պետք է նախապատրաստես քեզ առանց որևէ կողմնակի միջոցառման քո իսկ միայնակությանը՝ ինչպես ցանկացած արհեստավարժ՝ իր գործում…սակայն երկրային միայնակությունը մարդու արդյոք նման է այս տիեզերական անվերջությանը…երբ ոչ միայն դու, այլև քո մոլորակը աչքիդ չի երևում…ընդամենը մի կետ, և երբ միայն «Հրթիռ 87»-ը մոտենում է դրան քիչ թե շատ տեսանելի հեռավորության վրա՝ «Արև»-ի վրա կատարած ուսումնասիրություններից հետո, նոր նկատվում են նրա գույները…միայն այդժամ կարողանում ես պատկերացնել քո հեռակա կյանքը դրա վրա, և քիչ թե շատ պարպվում է միայնակության խորունկ զգացումը այն մտքից, որ գուցե քեզ պես հազար հազարներ այնտեղ նույնպես իրենց միայնակ են զգում. դու խղճում ես նրանց և ավելի շատ ինքդ քո փոքրությունը դրա դեմ, որովհետև քեզ ծանոթ անձկությունը բառի բուն իմաստով հիմա տիեզերական է, և միայն քո՝ էլ ավելի հզոր և անընկալելի ու անթափանցելի միայնակության զգացումի՝ «Երկրի» վրա գտնվողներին ծանոթ միայնակության զգացման նկատմամբ գերազանցության գիտակցումն է, այսպես ասած, մխիթարում քեզ, և հետո՝ ուշքի բերում… »
-….իսկ եթե հանկարծ
-Այդ դեպքում…
-Իհարկե, այդ դեպքում, դուք շա՜տ ցավում եք, կապիտա՛ն, բայց ոչինչ չեք կարող անել:
-Հասկացի՛ր վերջապես. եթե մենք չշարունակենք մեր հետազոտությունները, ապա մեր կյանքը ռիսկի տակ դնելու փոխարեն, կարող ենք վտանգել «Երկիր» մոլորակը..
-Ոչ թե «Երկիր» մոլորակը, այլ ձեր գլխավորած նախագծի հաջողությունը: Ես չեմ կարծում, որ չեն կարող նոր տիեզերանավ ուղարկել այնտեղից՝ հետազոտումները ավելի դրան պատրաստված կերպով շարունակելու համար:
-Դու պարզապես չես պատկերացնում, որ սա աննախադեպ հնարավորությունն է մեզ՝ այս տիեզերանավում գտնվող բոլորի համար անխտիր, դառնալ պատմության մի մասը…Իմ կանխազգացություններն ինձ հուշում են, որ «Արևի» մակերևույթի վրա նշանակալից և էլ արտասովոր փոփոխությունները դեռ նո՛ր պետք է տեղի ունենան, հասկանո՞ւմ ես…Այսինքն, հրաժարվել մի նախագծից, որը մենք ենք հղացրել՝ դեռ առաջին անգամ այդ մակերևույթի վրա այդ փոփոխությունները նկատելուց հետո, և ինքնակամ հանձնել ուրիշների՞ն…խելահեղությո՜ւն պարզապե՛ս:
Եվ ինչպես կարող ես, ինքդ գիտնակա՜ն: Հրաժարվել այսպիսի աննախադեպ հետազոտություններից, ինչ է թե պատրաստ չենք: Իսկ եթե հետազոտությունների արդյունքում հնարավոր լինի տիրել «Արևին». այսինքն, հասկանում ես, թե ինչ եմ ասում…Մի օր գուցե հաջողվի մեզ փոփոխություններ մտցնել դրա կառուցվածքում, և մեր կյանքը կհայտնվի մեր իսկ ձեռքերում…Եվ դո՜ւ
-Կապիտա՛ն, «Արևը» քեզ կուրացրել է. այդքան պետք չէ նայել նրան: Մարդը երբեք չի լինի նրա նման ահեղ. այն անձեռնամխելի է. համենայն դեպս մեզ համար: Սա ոչ թե բնության օրենքն է, այլ արդեն տիեզերքի՛, մի տեղ, որտեղ մենք…հյո՜ւր ենք, և այնքան կարճ ժամանակով, որ չենք կարող որևէ իրավասություն վերապահել ինքներս մեզ հսկելու «Արևին»: Ես դեռ վաղուց դադարել եմ հավատալ Աստված աստվածներին. ինձ հիմա փորձում ես հավատացնել, որ մարդը կարող է աստված դառնալ…
-Այո՛, գիտությունը չպետք է հավատա, ընդհանրապե՛ս. այն պետք է գիտական, ճշգրիտ մոտեցում և լուծումներ գտնի՝ խնդիրների և նորարարությունների համար:
-Նորարարությո՜ւն…Եվ ուր է տանում մեզ մեր որդեգրած ճանապարհը, եթե մենք գլուխներս վերև տնկած ենք շարժվում առաջ. մենք մեր առաջ գնալն էլ չենք նկատի…
Որոշումը, իհարկե, ձերն է, բայց պարտավոր եք մտածել ոչ միայն ձեր կամ մարդկության մասին, ինչպես որ դուք եք պնդում, այլ հենց մարդու մասին, այլապես մարդը կկորցնի իր պատկերը, եթե, իհարկե, ձեր ցնորված կանխատեսումները կյանք ստանան մի օր…
«Այստեղ: Բոլորն արդեն դադարել են հիանալ նրա գեղեցկությամբ: Ոմանք նրան նայում են որպես ապարի, ոմանք՝ ինչ-որ աստղի, ոմանք զարմանում են դեռ, ոմանք փոխվում են դրա դիմաց՝ տալով վերջինիս աներևակայելի, նույնիսկ անխոհեմ բնութագրումներ, ոմանք փիլիսոփայի կամ հնէաբանի զննող, լուռ հայացքով աչք են գցում վրան և մտնում իրենց խուցը՝ հենտերը մի մաս պոկելով նրանից, որպեսզի այնտեղ՝ իրենց խցում, ուսումնասիրեն ու տնտղեն այն և հետո՝ վերջում, երբ ամեն ինչ նորից սկսվի, դուրս գցեն այն անպետք իրի պես և կամ նորից գան և մի մաս էլ պոկեն, այդ ծերերը…և ոչ ոք, կարծես այլևս չի հիանում այս գեղեցկությամբ…»
հատված 14- ափ, ծերունի և մանուկներ
Ճիշտ է. այդ դեպքը պատահել է ավելի քան յոթանասուն տարի առաջ, երբ մենք մանուկներ էինք, երբ իմ ընկերները իմ կողքին էին, բոլորը՝ կենդանի: Ճիշտ է, դա այն իրադարձություններից չէ, որը իմ ամբողջ կյանքի ընթացքում հիշել և վերհիշել եմ, սակայն հիմա այն համոզմունքն է ինձ տիրում, որ ես մեծացել եմ հենց այդ դեպքի տպավորություններով, կամ՝ այդ դեպքն է եղել է իմ ծնունդը, մի բան, որը նորածինը չի հիշում, և որի պատկերները նա տեսնում է, ըստ լեգենդի, միայն մահից առաջ…Հիմա չկան իմ ընկերները, չկա էլ այն երկար ժամանակը, որը կոչվում էր անհայտ ապագա և որը մի անգամ ընկած էր իմ առջև և կուրացնում էր աչքերս իր պայծառ շողերով, կա մի փոքր ժամանակ՝ խորհելու և ինչ-որ կերպ նորից ետ բերելու անսահմանության այդ զգացումը…
Հիմա, քիչ անց, արևը կհայտնվի օվկիանոսի և երկնքի ճիշտ մեջտեղը՝ պատկերելով մեր երկրի դրոշը…Հիմա օվկիանոսի ջրերը մգած են. ինչ խոսք, երկինքն էլ դեռ չի հագել իր երկնագույնը. սպասում է արևի մոտիկանալուն, իսկ ափի լայնքով մեկ անցնող զեփյուռը հասնում է ափամերձ ծառերին, մի քանի բառ փսփսում նրանց հետ և շտապում դեպի օվկիանոսի խորքը՝ նորից ետ վերադառնալու և իրենց զրույցը շարունակելու խոստումներ թողնելով…
Այդ օրը հիշում եմ այն պահից, երբ արդեն վազում էինք դեպի ափ: Մեզանից յուրաքանչյուրը մյուսներից շուտ էր ուզում տեղ հասնել և առաջինը նետվել թեթև լողացող ալիքների մեջ: Ռոքսանան, չնայած որ մեր չորսի մեջից միակ աղջիկն էր, այնուամենայնիվ ինձանից և Սանտիագոից առաջ էր ընկած, սակայն հասնել Խոսեի հետևից անկարող էր, որն այնքան արագ էր վազում, որ աստիճանաբար հեռանում էր մեր տեսադաշտից: Դժվար էր հասնել նրա հետևից, բայց մեզանից ոչ ոք չէր ուզում պարտվել: Մինչ ափին մոտենալը Խոսեին ամբողջությամբ կորցրել էինք մեր տեսադաշտից, իսկ Ռոքսանան առաջինը տեղ հասավ, սակայն ջրին չմոտիկացավ…Սանտիագոն և ես ջուրը նետվեցինք. գրեթե միասին. Ռոքսանան ափի երկայնքով մեկ կանչում էր Խոսեի հետևից, սակայն նա չկար…Ջրի մեջ մենք ամեն ինչ մոռացել էինք և երբ միայն փորձեցինք հասկանալ, թե մեր չորսից ով էր իրական հաղթողը, այնուամենայնիվ, մեր մարմնի վրա սկսեցինք զգալ դեռ չտաքացած ջրի սարսուռը…Ռոքսանան չէր դադարում կանչել Խոսեի հետևից. ես և Սանտիագոն, ակամա դուրս եկանք ջրից և շարժվեցինք նրա մոտ, որը ինչ-որ ծերունու հետ էր խոսում…Ռոքսանան մեզ հայտնեց, որ ծերունին տեսել է, թե ինչպես մի մանուկ, որն ամենայն հավանականությամբ մեր ընկեր Խոսեն պետք է լիներ, մինչև մեր ափում հայտնվելը արդեն նետվել էր ջուրը. դրանից հետո ափում միայն մեզ է տեսել, ուրիշ ոչ ոքի…Ռոքսանան մեզ փորձում էր համոզել, որ անհրաժեշտ է ետ վերադառնալ և ջրի՝ ծերունու ցույց տված հատվածում, փորձել գտնել Խոսեին…Մեզանից ոչ ոք այդքան հեռուն երբևիցե չէր լողացել, և մինչ Սանտիագոն և ես սկսեցինք ափամերձ շրջակայքում փնտրել Խոսեին, Ռոքսանան նետվեց ջուրը և սլացավ այդ՝ ծերունու մատնանշած հեռուն…Մենք գնացինք նրա հետևից:
Ջուրը դեռ սառն էր, սակայն աստիճանաբար մոտենում էինք արևին, իսկ նա կամաց-կամաց վեր էր բարձրանում, և շուտով մեզ վրա զգացինք արևի ջերմացնող շողերը…Խոսեն չկար: Առաջինը ես հանձնվեցի և շրջվեցի դեպի ափը. սակայն այդպես էլ միայնակ լողացի հետ. նրանք շարունակում էին դեպի առաջ լողալ, դեպի արևը…Չգիտեմ ինչպես պատահեց, բայց այնքան ուժասպառ էի ինձ զգում, որ կարողանում է մտածել միայն ետ վերադառնալու մասին. նույնիսկ հետ չէի նայում:
Ափում ծերունին էր: Ձեռքը դրել էր ճակատին և նայում էր օվկիանոսի խորքը՝ դեպի իր մատնանշած հեռուն, դեպի արևը…
Աչքերս բացեցի այն ժամանակ, երբ օվկիանոսի վրա արտացոլվում էր երկնքի երկնագույնը, իսկ արևը ժպտում էր, ինչպես հիմա…Ինչպե՞ս հասկանալ նրան. ինչպե՞ս նա կկարողանա հասկանալ ինձ: Հեռվում՝ օվկիանոսի ջրերի մեջ դեպի արևն են լողում ինչ-որ մանուկներ…
