1.
Արդեն մի քանի ժամ էր, ինչ գնացքը շարժվել էր մեգապոլիսի կայարաններից մեկից, և կանդուկտորը մեկ գնացքի ընթացքին հակառակ, սովորության համաձայն ձեռքը գցելով գլխավերևի ձողափայտից, մեկ էլ գնացքի սլացքի ուղղությամբ շարժվելով՝ ճեղքում էր իրեն հանդիպակաց եկող ուղևորների արանքներով՝ մեկումեջ ինքնակամ բռնկվելով նրանց հետ զրույցի, կամ, պատասխանելով ուղևորությանը վերաբերող նրանց տարբեր հարցերին և պահանջներին, փորձում էր այս անգամ կրկին, ինչպես որ միշտ, հնարավորին չափով անթերի կատարել իր աշխատանքային պարտականությունները՝ ինչ-որ չափով նաև փորձելով երկար ուղևորության հետ չհամակերպվող ուղևորներին դույզն ինչ վարակել իր հանգստությամբ: Կեսօր էր:
Կանդուկտորը գիտի, որ, ահա, կանցնի որոշ ժամանակ, և նրբանցքում անցուդարձերը ժամանակավորապես կհանդարտվեն, ամենքը կգրավեն իրենց նստատեղերը՝ թույլ տալով, որ ինքն էլ, առիթից օգտվելով, նստի իր տեղը և նրանց պես կարծես անզգայացած հետևի մետաղյա ինքնաշարժի սլացքին, որը, խոր աշնանը գունաթափված դաշտավայրի մեջ կանոնավոր արագությամբ ձգվելով, հիշեցնում էր տափաստանաբնակ սողունի: Իսկ մինչ այդ գնացքի մեջ տիրում էր աղմկալից աշխուժություն: Ահա, մեկումեջ ոտքի տակ են ընկնում այստեղ-այնտեղ վազվզող ծնողների հսկողությունից փախած երեխաներ՝ հափշտակված ոգևորությամբ կանչելով իրար հետևից, ահա, երկու գեր միջահասակ կանայք, անտեսելով կանացի զսպվածության ամեն տեսակի նորմերը, չեն դադարեցնում լեզվակռիվ հիշեցնող իրենց բարձրաձայն ասեխոսությունը՝ միառժամանակ չմոռանալով հանդիպակաց անցորդների և իրենց ճանապարհին պատահածների վրա թարս հայացքներ գցել և պանանջել մի կողմ քաշվել՝ իրենց համար այդ նեղ նրբանցքում առաջ շարժվելու համար տարածություն ազատելու համար, միայն, երբ նրանց առջև հայտնվեց ձեռնափայտը ձեռքի մեջ դողդողացնող զառամյալ մի ծերունի, լեզուները հետ քաշեցին և պատին քսվելով՝ իրենք ճանապարհ ազատեցին՝ ենթարկվելով ծերունու անեծքի զոհը դառնալու մտավախությանը: Կեսօր էր:
Բերնից բերան փոխանցվող աղմուկը ներսուդուրս էր անում ուղևորների խցիկները, և որտեղ այն մի պահ կանգ էր առնում, այնտեղ հայտնվում էր կանդուկտորը և կրկին փորձում ինչ-որ կերպով օգտակար լինել ուղևորներին: Մի երիտասարդ կին դուրս էր ելել խցիկից և, գլուխը աջուձախ թեքելով, անհանգիստ ձայնով կանչում էր իր տեսադաշտից անհետացած չարաճճի երեխաների հետևից: Կանդուկտորը մոտեցավ նրան և փորձեց մեղմել նրա անհանգստությունը՝ տեղեկացնելով, որ երեխաներին քիչ առաջ զուգարան մտնելիս է տեսել: Երբ մայրը շտապեց երեխաների հետևից, կանդուկտորը գլուխը դռնից ներս մտցրեց. խցիկի ներսում գտնվող ուղևորները երեք միևնույն տարիքի տղամարդիկ էին: Պատուհանի մոտ նստած տղամարդկանցից մեկը գլուխը կախել էր և աչքերը գոցել. ննջում էր: Նրա դիմացի նստարանի մյուս երկու տղամարդկանցից մեկը՝ պատուհանի մոտ նստածը, գլուխը հարմար տեղավորել էր ուսերի վրա և հայացքը կիսաբաց վարագույրի միջով հառել էր դեպի դուրս: Նրա կողքին մյուս ուղևորն էր՝ նույնպես իր նման կոկիկ հագնված մի տղամարդ: Ըստ երևույթին վերջին երկուսի համար ճանապարհորդությունը գործնական բնույթ ուներ: Նրանց երեքի անտարբեր լռությունից կարելի էր ենթադրել նաև, որ օտար էին միմյանց, և դեռ ավելին, ոչ մեկի մոտ զրուցելու ցանկություն չէր նկատվում, և սակայն երրորդ ուղևորը կարծես չէր կարողանում հաշտվել ստեղծված դրության հետ. կեռ հայացքով մերթ փորձում էր հափշտակել դիմացինի անխռով նինջը, և մերթ գլուխը ձգում էր պատուհանի ուղղությամբ, որպեսզի այդ նույն կեռ հայացքը ուղղի հեռվում, ինչպես իր կողքի ուղևորը, սակայն դրսում արև էր, և վարագույրները խցիկը պաշտպանում էին ճառագայթների ներթափանցումից, ուստի անիմաստ համարելով իր համար տեսադաշտ ստեղծելու համար դրանք էլ ավելի բացել՝ երրորդ ուղևորը գալարվում էր նստած տեղում և գլուխը ձեռքերի մեջ էր առնում՝ փորձելով թաքցնել իր անհանգստությունն ու դժգոհությունը՝ այսպիսով էլ ավելի մատնվելով կապկանքին: Կոնդուկտորը մի կողմ քաշվեց. լսվում էր երեխաների լացակումած ճիչերը. մայրը, ձեռքերից բռնած, ներս բերեց չարաճճիներին և նստեցրեց անխռով իր նինջը վայելող ուղևորի կողքին: Մյուս վայրկյանին կանդուկտորը ծածկեց խցիկի դուռը և հեռացավ:
2.
Կեսօր էր դեռ: Միջանցիկ քամին կցկտուր սվսվոցով ձայնակցում էր երկաթյա սողունի աշխատասիրությանը՝ երբեմն-երբեմն բաց պատուհանի մոտ ծխելու դուրս եկած ուղևորների ուղեղներում արձագանքելով՝ շարունակում էր շրջել նեղ նրբանցքով մեկ. միայն ժամանակ առ ժամանակ կանդուկտորի ականջին հասնում էին նաև երեխայի լացի ձայներ…Կանդուկտորի համար լռության ամենասովորական տեսակը…Գնացքում անցուդարձը հանդարտվել է, և նա օգտվելով պատեհ առիթից, գրավել է իր նստատեղը և հայացքը պատուհանին հառած՝ որոշել է փոքր ինչ հանգստանալ:
Սակայն քիչ անց նա նորից ստիպված է անցնել աշխատանքային պարտականություների կատարմանը, քանի որ անհանգիստ պահվածքով ուղևորը՝ դիպլոմատը ձեռքին, մոտեցել է նրան և խնդրում է, որպեսզի իր համար մեկ այլ խցիկում ազատ նստատեղ գտնի, եթե հնարավոր է անմիջապես պատուհանի մոտ՝ պատճառաբանելով, որ անհնար է երեխաների լացակումած աղաղակներին այլևս դիմանալ: Իհարկե, կանդուկտորը պարտավորված չէ նրա խնդրանքին ընդառաջել, սակայն, ահա, մոտակա խցիկում տեղ կգտվի անհանգիստ ուղևորի համար, որտեղ և ճանապարհում է նրան:
Նոր խցիկի ուղևորները երկուսն էին՝ պատուհանի մոտ նստած էր զառամյալ ծերունին՝ ձեռքը ձեռնափայտին գցած, կողքը՝ մի պառավ կին: Խցիկը արևկողմ չէր. վարագույրերը մի կողմի վրա էին քաշած: Վերջապես: Դիպլոմատը վայր դնելով՝ տեղավորվում է պատուհանի մոտ՝ ծերունուն դեմ հանդիման և անմիջապես…
Կեսօրն ավարտվեց:
***
…տեղին կլիներ պարզել գնացքի ուղևորների վերաբերյալ որոշ մանրամասներ, որոնք թույլ կտան քիչ թե շատ ընդգրկուն բնութագիր կազմել պատմվածի շուրջ և այնուհետև փորձել վրձնի վերջնական հարվածներով ստեղծել իրականության որոշակի պատկերը: Սակայն կարևորը տեսարանի ականատեսին գտնելն է:
Երբ ինչ-որ բան պատմում են զույգ աչքերը, փոքր ինչ համահնչեղ երևակայությամբ, այն դեպքում, երբ երբեմն կարծես այդ զույգ աչքերը ոչ ոքի չեն պատկանում, քան թե ընթերցողին, որը, ինչպես պարզվում է, կարդում է իր իսկ տեսածն ու պատմածը հենց, և կամ դրանք գուցե պատկանում են հանգուցյալ ինչ-որ ոգու, որն արդեն տեսնում, նշմարում և շատ ավելի մեծ ուշադրության է արժանացնում այն ամեն տեսածին, որի մեջ հիմա միայն արդեն հանգուցյալ՝ խորթափանցելով՝ ինքն իր համար պարզում է, որ ամեն ինչ անցողիկ է և անցել է, և գոյություն են ունեցել և դեռ ունեն հոգեհարազատ հոգևիճակներ՝ գուցե թաքնված հենց աչքաթող արված կամ ուշադրությունից դուրս թողնած վայրկյաններում, որոնց հետևում և մեջ արտացոլվում է իրականությունը իր արտաքին և ներքին աշխարհներով՝ մի քիչ թռուցիկ, մի քիչ շատ ավելի արտահայտիչ, կամ երբեմն որպես շարժման մեջ գտնվող իր արագությանը համապատասխան կինետիկ և պոտենցիալ էներգիաների սպառման և կուտակման ճակատամարտների թոհուբոհում շիկնող կամ թե պաղ ատրճանակի կրակած կամ նույնիսկ մառանում մոռացված փամփուշտի պես վայրկյանական և հանկարծակի կամ դեռ գալիք փորձանքի և եղելության հավանական նմուշ:
06.06.09
