Նա միայնակ է բնակվում. ինքը և իր թութակը, սակայն այսօր բնակարանը լցված է հյուրերով. Միխայիլի ընկերները եկել են իրենց ընկերոջ ծննդյան օրը ինչ-որ կերպ նշելու, նրա տրամադրությունը բարձրացնելու վճռականությամբ և իրենք էլ բարձր տրամադրությամբ լցված: Միխայիլը հազվադեպ է հյուրեր ունենում: Չնայած իր ընկերներից ոմանք արդեն հասցրել են մի քանի անգամ այցելել նրա փոքրիկ բնակարանը, սակայն դա դեռ այն փորձը չէ երիտասարդ տանտիրոջ համար, որպեսզի նա կարողանա իր հյուրերին ընդունել և հետո էլ այնպես զբաղեցնել, որպեսզի իրենք իրենց զգան ինչպես իրենց սեփական տանը: Նրա հոգատար ընկերները Միխայիլի շփոթված և անփույթ շարժուձևից կռահում են, թե ինչումն է բանը և դեռ շատ չանցած այնպիսի արագությամբ և ազատությամբ են սկսում շարժվել նրա փոքրիկ բնակարանում, տեղից վերցնելով և ետ դնելով սեղանին, կահույքին դրված արձանները, ելումուտ անելով Միխայիլի ննջասեյակը, առանց տանտիրոջ թույլտվությունը հարցնելու հեռուստացույցը և մագնիտոֆոնը միացնելով և մեկընդմեջ բարձրաձայն միմյանց հետ զրուցելով և ծիծաղելով, որ չանցած մի քանի տաս րոպե Միխայիլն ինքն էր իրեն ուրիշի տանը զգում արդեն: Հիմա քանի դեռ բոլորի գլուխը խառն է, նա առանց ժամանակ կորցնելու մտնում է խոհանոց՝ սեղան գցելու պատրաստություններ տեսնելու: Ո՛չ, նրան այստեղ էլ մենակ չեն թողնում իր ընկերները, հատկապես, երբ գործը հասնում է խոհանոց. աղջիկները արդեն նրա կողքին են և բարձր հա-հա հի-հի-ներով աշխուժությունը տարածում են խոհանոցով մեկ: Մերին սառնարանից հանում է սալաթները և սկսում տեղավորել դրանք ափսեների մեջ, Լենան մրգի վազն է պատրաստում, Միխայիլն էլ, գլուխը մտցրած սառնարանի մեջ, այնտեղից խմիչքներ է հանում դուրս՝ աչքի պոչով հետևելով, թե ինչպես է Սյուզին հացամանի մեջ տեղավորում հացը և դեռ ականջի մի ծայրով էլ փորձում կռահել, թե որն է իր ընկերների խանդավառ աշխուժության նոր պատճառը…
Թութակը: Սաշան, ինչպես որ նրան անվանում է Միխայիլը: Նրա ընկերը, ինչպես որ ինքն է պնդում: Միխայիլի ընկերները Սաշաի վանդակի վրայից հանել են սև ծածկոցը և հիմա հավաքվել են այդ գույնզգեղ փետուրավորի շուրջը: Սաշան անհասկանալի ձայներ է հանում և Միխայիլի ընկերները զարմանում են, որ չեն հասկանում նրան. նրանք սպասում են ավելին, պատկերացնում եք…
-Բարև Սաշա,- դիմում է հոբելյարի զվարճախոս ընկերներից մեկը:
-Բա՛-րև՛
Ինչպիսի հրաշք, և ինչպես է Միխայիլը իրեն մենակ զգում, զարմանում են ընկերները:
-Ինչպե՞ս ես
Չի պատասխանում:
-Բարև Սաշա,-հարցնում է մյուս ընկերը:
-Բա՛-րև՛
Ինչպիսի՜ հրաշք: Բայց այսքա՞նը:
-Ինչպե՞ս ես
Չի պատասախանում…
Մի՞թե այսքանը:
-Ես քեզ սիրում եմ,- վրա է հասնում առաջին հարցուփորձ անողը:
-Սյո՛ւ-զի՛
Ինչպես թե: Հետաքրքիր է…Նորից նույն “Ես քեզ սիրում եմ”-ը:
-Սյո՛ւ-զի՛:
Նորից նույն պատասխանը:
-Ես քեզ սիրում եմ…
-Սյո՛ւ-զի՛
“Ինչպե՜ս թե. իմ անունը՜”-ը զվարճալից ձայնով բղավելով հյուրասենյակ է մտնում Սյուզին և մոտենում Սաշայի վանդակին:
-Ապա նորից: Ես քեզ սիրում եմ..
-Սյո՛ւ-զի՛
-Ի՜նչ զվարճալի թութակ է, Միխայի՛լ,- ծիծաղը ոչ մի կերպ չփորձելով զսպել՝ նա գլուխը թեքում է հյուրասենյակի դռան մոտ հայտված հոբելյարի կողմը,- այդ որտեղի՞ց է նա սովորել իմ անունը:
Միխայիլը մի քանի րոպե հայտնվելով խառնաշփոթի մեջ, միայն ժպտում էր՝ փորձելով այդպես թաքցնել իր ապրումները, այդ թվում և զայրույթը, և եթե շուտ չկողմնորոշվեր և հյուրերին չհրավիրեր սեղանի մոտ՝ հասցնելով միառժամանակ սև ծածկոցը գցել վանդակի վրա, ապա, ով գիտի, թե իր ընկերների հետաքրքրության սահմանները ուր կհասնեին (մտովի չանտեսելով այն մի երկու ծաղրալից արտահայտությունները, որոնք արդեն հասցրել էին բարձրաձայն հնչել):
Երբ հյուրերը գնացին, Միխայիլը մոտեցավ վանդակին և վրայից հանեց սև ծածկոցը: Սաշան առույգացավ և սկսեց ցատկել վանդակի մեջ՝ անհասկանալի ձայներ աղաղակելով: Միխայիլը հասկանում էր այդ անհասկանալի ձայների նշանակությունը՝ ի տարբերություն իր ընկերոջը՝ իր թութակին:
-Ես քեզ սիրում եմ, Սաշա՛:
06.07.09
