1.
«…արտաքինից դեռ ոչնչով որևէ մեկից չառանձնացող մարդ՝ միջին հասակի, ենթադրենք, մոտենում է քեզ ու, աչքերը միայն մի քանի մետր առաջ գցած, արագացնում է քայլերը՝ վերածելով դրանք վազքի: Նա հենց նոր դուրս թռավ չորրորդ հինգհարկանի շենքի չորրորդ մուտքից (եթե հաշվենք սկսած ձախ կողմից, իսկ եթե աջ կողմից՝ ապա առաջին մուտքից, հակառակը՝ շենքի վերաբերյալ): Այսպես, թե այնպես ակնթարթ առ ակնթարթ նա ավելի մեծ ուշադրություն է սկսում գրավել, չնայած, որ արդեն հեռանում է բակից. արդեն կարելի է նկատել, որ միջին հասակի այդ մարդը միջին տարիքի է՝ ոչ ավել քան երեսունհինգ տարեկան: Վազքն ավելի է արագանում:
Բակում գտնվող թաղային ոստիկանը, նկատելով, որ նրա ձեռքին դիպլոմատ կա, պոկվում է նրա հետևից (մտածում է՝ երևի կատարել է գողություն): Այդ ամենը տեսնելով՝ քիչ անց հասկանում ես, թե ինչու այն նույն մուտքի ( որտեղից հայտնվել էր միջին հասակի և տարիքի դիպլոմատը ձեռքին վազող մարդը) պատուհաններից մեկը բացվում է, որից կանացի մի ձայն բղավում է.
-Կանգնե՛ք, մի՛ գնացեք:
Այդ ձայնը ոստիկանը կարծես թե չի լսում. շարունակում է իր հետապնդումը. սակայն նրա փոխարեն կնոջ աղաղակները հասնում են բակում հավաքված մի խումբ տղաների ականջներին, որոնք, բան ու գործ թողած, ինչպես կարելի է կռահել՝ ոչ մի բան էլ չթողած, այլ ընդհակառակը՝ ինչ-որ մի բան բռնելու տենդով ոգևորված, այս դեպքում կամ դիլոմատով մարդուն, կամ՝ թաղային ոստիկանին, վազում են այդ երկուսի հետևից՝ բոլորով հիշեցնելով մարաթոնի մասնակիցների…
Դու չես վազում, բայց ուզում ես:
Դու արդեն վազում ես, բայց չես ուզում:
Դու չես ուզում վազել, բայց արդեն վազում ես» :
2.
«…իրեն հետապնդողներից, որոնց նա նույնիսկ չի էլ նկատել, բավական առաջ ընկած՝ միջին հասակի և տարիքի դիպլոմատով մարդը կանգ է առնում առաջին պատահած կանգառի մոտ, ենթադրենք, և նայում է շուրջը. հիմա արդեն նկատում է նրանց. գլուխը վեր է բարձրացնում և տեսնում է միայն ամպեր, որոնք աստիճանաբար սկսում են մթագնել, իսկը ինքը կրկին սկսում է վազել. այգու ուղղությամբ, և քեզ կարող է հիմա թվալ, թե այդ միջին հասակի և տարիքի դիպլոմատով մարդը ինչ-որ ծանոթ է, սակայն, ազատվելով քեզ պաշարող մտքերից, նկատում ես կասկածելի անգործությամբ զբաղված մարդկանց՝ տեղ զբաղեցրած նստարանների, ծառերի, կառուսելների և պաղպաղակի կրպակի մոտակայքներում, որոնք գտնվում էին այգու տարածքում: Նստարաններից մեկի մոտ կին է կանգնած՝ հագին սև համազգեստ, ձեռքին՝ դիպլոմատ. դու նայում ես նրան, քանի որ հենց նրան էլ մոտենում է միջին հասակի և տարիքի քեզ ինչ-որ ծանոթ թվացող դիպլոմատով մարդը…
Նրանք փոխանակվում են դիպլոմատներով, և մինչ դեպքի վայր կհայտնվեն այգուն մոտեցող մարաթոնի մնացած մասնակիցները, միջին հասակի և տարիքի քեզ ինչ-որ ծանոթ թվացող արդեն մեկ այլ դիպլոմատով մարդը նորից արագացնում է վազքի տեմպը այգուց դուրս տանող կածանով:
Կասկածելի պահվածքով մարդիկ դուրս են մնում հետապնդողների ուշադրությունից, սակայն իրենք քեզ արդեն նկատել են, քանի որ քիչ անց, մինչ դու կնկատես օրը՝ մթնելիս, կզգաս քամին՝ ուժգնացող, գետինը՝ ոտքերիդ տակից փախչող, հայտնվում ես մեքենայի բեռնախցում՝ արևանգվածի կարգավիճակում:
Դու ուզում ես վազել, բայց չես կարող:
Դու չես կարող վազել, բայց ուզում ես:
Դու չես վազում, բայց կարող ես ուզել…»:
3.
« – Ո՞վ ես
-Ոչ մեկ
-Եթե պատասխանում ես «ոչ մեկ», ապա իրականում դու ինչ-որ մեկն ես, քանի որ ինչ-որ մեկը միայն կարող է պատասխանել «ոչ մեկ» կամ « ինչ-որ մեկ», իսկ ոչ մեկը չի կարող ընդհանրապես պատասխանել
-Ինչ-որ մեկը պատասխանում է «ոչ մեկ», այդ դեպքում
-Ինչպե՞ս ես հայտնվել այգում
-Պատահաբար
-Ի՞նչ ես տեսել
-Ոչինչ
-Ի՞նչ ես տեսել
-…միջին հասակի և տարիքի վազող դիպլոմատով մարդ…և կին՝ նույնպես դիպլոմատով
-Ի՞նչ գիտես այդ մարդու մասին
-Ոչինչ, նա դուրս եկավ շենքից, չորրորդ հինգհարկանի շենքի չորրորդ մուտքից, եթե հաշվենք ձախ կողմից, իսկ եթե աջ կողմից՝ ապա առաջին մուտքից, հակառակը՝ շենքի վերաբերյալ. այն աջ կողմից չորրորդ էր, եթե այդպես նայենք…
-Նրան առաջին անգամ այդտե՞ղ ես տեսել
-Կարծես թե այո
-Եվ դու սկսեցիր նրա հետևից վազել…
-Ես չէի ուզում վազել
-Եվ ինչպե՞ս հայտնվեցիր այգու տարածքում, այդ դեպքում
-Արդեն վազում էի…սակայն հետո այլևս չէի ուզում
-Ինչո՞ւ չէիր ուզում
-Քանի որ արդեն վազում էի
-Իսկ ինչո՞ւ ցանկացար վազել նրա հետևից
-Որովհետև չէի վազում…
-Լա՛վ: Ի՞նչ է հայտնի դիպլոմատի մասին
-Ի՞նչ դիպլոմատ
-Վազողի ձեռքի՛
-Ո՞ր մի դիպլոմատի մասին է խոսքը
-Այսպես, ինչպես երևում է՝ ականատես ես եղել փոխանակությանը: Հը՛մ…Իսկ ասում էիր, որ ոչինչ չես տեսել:
-Այդպե՛ս է. իմ տեսածը ոչ մի նշանակություն չունի. «Ոչ մեկ» պատասխանող ինչ-որ մեկը չի կարող ինչ-որ մի բան տեսնել, որին կարողանա տալ բացատրություն
-Քեզ հայտնի է, թե ինչ կար առաջին դիպլոմատի մեջ
-Ո՛չ
-Իսկ երկրորդի՞
-Ո՛չ»:
4.
«…այդ մարդը, որը փախչում էր իրեն հետապնդողներից, կանգ է առնում. ճանապարհը փակել էր գետակը, որը խշխշում էր. ալիքները զարկում էին ափերին, քամին ձայնակցում էր նրան՝ դողացնելով ափամերձ ծառերի տերևները, և նա ևս մի քանի վայրկյան կարող էր վայելել հանգիստը` տրված անզգայացնող անորոշությանը, դիմագծերի կամայական ծամածռությամբ ողջունելով բնությանը, մինչ այդտեղ են հասնում մարաթոնի մասնակիցները՝ թաղային ոստիկանի գլխավորությամբ. սակայն նրանք նախ դիպլոմատը տեսնում են օդում՝ սավառնելիս, ապա՝ գետակի ալիքների վրա՝ արդեն ընկած հոսքի մեջ…»
5.
«- Ի՞նչ կար դիպլոմատի մեջ
-Ոչինչ
-Ո՞վ ես
-Ոչ մեկ
-Եթե ասում ես, որ ոչ մեկ, ապա դա նշանակում է, որ դու արդեն ինչ-որ մեկը պետք է լինես, որ կարողանաս այդպես ասել. այնպես որ, ասա՛, թե ով ես:
-Ինչ-որ մեկը
-Ինչ-որ մեկ, ինչո՞ւ էիր վազում
-Պետք էր դիպլոմատը գցել գետակի մեջ. այնտեղ ոչինչ չկար…»
***
- Եվ այսպես, հարգելի՛ ուսանողներ, այս դեպքը օրինակ վերցնելով՝ վազքը կարելի է բնութագրել որպես մի երևույթ, որը կարող է զարգանալ քայլ առ քայլ կամ աննկատ, միջոց կամ պատճառ դառնալ դեպքերի համար և որոշ ուսումնասիրությունների ժամանակ ամենևին անտեսվել և հաշվի չառնվել: Սակայն, վազքը դա ամենից առաջ երևույթ է, որը բավականություն է պատճառում մարդկանց կատարմա՛ն ժամանակ կամ միայն հետո՝ ազատելով նրանց կուտակվող բացասական էներգիայի բեռնումից՝ միառժամանակ նաև որոշ մարդկանց մոտ թաքնված մնալով նրանց ենթագիտակցության մեջ որպես ինքնաբավարարման պատճառ, եթե նրանց մոտ վազքը չի հանգեցնում հետապնդվող նպատակի ձեռքբերման կամ պատճառում է ֆիզիկական հոգնածություն և հուսախաբություն: Թերի է այն համոզմունքը, որ վազքն իմաստավորելու համար անհրաժեշտ են նպատակներ. պատճառները հաճախ թաքնված են լինում հենց գործողության մեջ, ո՛չ թե նպատակների: Երբեմն այն վերանում է որպես երևույթ՝ ամբողջովին զիճելով իր տեղը և նշանակությունը կատարվող իրարանցմանը, երբ այն դիտվում է ուրիշի աչքերով: Այն կարող է համեմատվել և զուգակցվել այնպիսի երևույթների հետ, ինչպիսիք խառնաշփոթն է, հետապնդումը, ապակողմնորոշվածությունը, զրույցի տարբեր տեսակները, խաբեությունը, հարձակումը…Այս ամենի հիմքում որպես ընդհանրացնող առանձնահատկություն կարելի է դիտարկել ներշնչման և արտաշնչման հաճախականության ինչպես կանոնավոր, այնպես էլ անկանոն արագացումը, ինչպես ցույց է տրված օրինակում…
Վազքի ժամանակ ինքնաբերաբար կարող են առաջ գալ շրջապատի իրերի դասավորության հստակ կանոնակարգեր, որոնք օգնում են համահունչ ռիթմի մեջ պահել վազքի գործողություննը. նշված օրինակում նման կանոնակարգերի տեսակին կարելի է դասել շենքերի և մուտքերի ֆիքսավորված դասավորությունը հիշողության մեջ:
Վազքը կարող է կրկնվել, կամ դառնալ շարունակություն: Կարող է գործի դրվել արագացնելու ինչ-որ գործողություն, և ամենևին էլ պարտադի՛ր չէ արագացումը. դրա համար հնարավոր է նաև վազքի կրկնությունը՝ թեկուզև ժամանակի միևնույն ֆիքսված միավորի դեպքում…Վազքի վերջում դադար է. դադարներ կան նույնիսկ իրար հաջորդող վերը նշված կրկնությունների դեպքում, քանի որ այդպես ենթադրում է վազքի մասին առողջ պատկերացումը:
10.07.09
